Սոցապը մերժում է՝ «սոցվճարների բազա չկա», աշխատանքային գրքույկն ուժ չունի․ արցախցիների նոր խնդիրները 

Սոցապը մերժում է՝ «սոցվճարների բազա չկա», աշխատանքային գրքույկն ուժ չունի․ արցախցիների նոր խնդիրները 

Արցախից տեղահանվածների կենսաթոշակի անցնելու հարցը շարունակում է մնալ խնդրահարույց։

Սոցապահովության ոլորտում չեն ընդունում արցախցիների աշխատանքային գրքույկները, պատասխանելով՝ «դրանք իրավական ուժ չունեն»։ 

Անաստասիան MediaHub-ին պատմեց, որ մայրը՝ Լաուրա Միրզոյանը, առողջապահական համակարգում շուրջ 35 տարվա աշխատանքային փորձ ունի, հիմա աշխատանք չունի, դիմել են կենսաթոշակի համար, հանձնել պահանջվող փաստաթղթերը։

«0-ից կենսաթոշակի անցնողների համար շատ դժվար է, արհեստական քաշքշուկներ են ստեղծում, վերջում սոցապը մերժում է` «սոցվճարների բազա չկա»։ Դրանից հետո դիմել ենք իրավապաշտպան նախաձեռնություններին։ Վերջիններս խորհուրդ են տվել փաստաբանի միջամտությամբ դիմել դատարան ու դատական կարգով վերականգնել իրավունքները»։

Մեր զրուցակցի խոսքով, սակայն, դա մեծ գումարների մասին է, երբ տուրքի և փաստաբանի վճարները ևս աստղաբաշխական են։

«Այս խնդիրը միայն մերը չէ, դրան բախվում են բոլոր տեղահանված արցախցիները, ու չգիտենք՝ արդյո՞ք լուծում կտրվի։ Տեղահանված քաղաքացի-պետություն հարաբերություններում փոխըմբռնում չկա, փոխարենը կան տեղից տեղ քաշքշուկներ և անորոշություն»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան