Հերթական շանտաժը՝ Բաքվից

Հերթական շանտաժը՝ Բաքվից


Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնության են եկել՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները. հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել երեկ՝ Մհեր Գրիգորյան- Շահին Մուստաֆաև հանձնաժողովների երեկվա նիստում:

Հայաստանի իշխանություններն, անշուշտ, սա կներկայացնեն՝ որպես դիվանագիտական հաջողություն: Իհարկե, չկա որևէ երաշխիք, որ այս գործընթացը բերելու է Հայաստանի օկուպացված տարածքների դեօկուպացիային:

Ավելին, հենց երեկ Բաքվից հնչել է հերթական ագրեսիվ հայտարարությունը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է «ռազմատենչ քաղաքականության» մեջ:

«Չնայած նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրում հասել են բարձր արդյունքների և առաջընթաց են գրանցել սահմանների սահմանազատման գործընթացում, Հայաստանում ռևանշիստական միտումների առկայությանը, այս պետության կողմից ռազմատենչ քաղաքականության իրականացումը և Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը մեզ մոտ լուրջ կասկածներ են հարուցում»,- ասել է Բայրամովը:

Ինքնին հասկանալի է, որ նման իրավիճակում խաղաղության տեսլականի փոխարեն՝ մեզ սպառնում է հնարավոր պատերազմի ուրվականը:

Սուրեն Սուրենյանց