Մելիքբեկյանի նիկոլիզմն ու նրա գրանցած միակ հաջողությունը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեկ Թբիլիսիում 1:6 հաշվով «բարոյական պարտություն» կրեց Վրաստանի հավաքականի հետ խաղում։ Բարոյականը այն մեկ գոլն էր, որ հայերը խփեցին երկրորդ խաղակեսին։ Դրանից երեք օր առաջ էլ Վրաստանի հավաքականը 3:0 հաշվով ջախջախեց Հայաստանի ընտրանուն՝ սեփական դաշտում, սեփական հարկի տակ։ Այս պարտության մեջ բարոյական ոչինչ չկա, քանզի դժվար է բարոյական որևէ բան գտնել նրա մեջ, որ հարևան պետության ընտրանին գալիս է քո երկիր ու քո տան մեջ քեզ անգամ մեկ գոլ խփելու հնարավորություն չտալով՝ հաղթանակած հեռանում է։
Այս ամենի մեջ, սակայն, ամենաանբարոյականը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի գոյությունն է այդ աթոռին և նրա՝ երեկվա ներողությունը։
«Ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքի համար։ Երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց, որ կարող ենք առաջ գնալ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր խնդիրները ներսում լուծել և հուլիսին ներկայանալ որպես մարտունակ թիմ»,- երեկվա հերթական խայտառակ պարտությունից հետո հայտարարել է Մելիքբեկյանը, որը հայերի հերթական պարտությանը հետևում էր պարտության սիմվոլի՝ Հայաստանի ու հայ ժողովրդի վերջին յոթ տարվա բոլոր պարտությունների մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հետ միասին։
Երեկվանից ամբողջ համացանցը ողողված էր ծաղրական գրառումներով, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը որևէ հարցում հաղթել, եթե այդտեղ ներկա է Նիկոլ Փաշինյանը՝ Սուրեն Պապիկյանի հետ։
«Ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»,- գրում էին հայ երկրպագուները Ֆեյսբուքում՝ ծաղրելով Փաշինյանին, որը 44-օրյա պատերազմի օրերին էր դեռ իրեն ապահովագրել այս հիմարագույն տողերով։
Բայց մարդկանց ամենաշատ նյարդայնացրել էր Մելիքբեկյանի ներողությունն ու իր սխալները ոչ մի կերպ չընդունելը։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆան ակումբի անդամները տևական ժամանակ է՝ Մելիքբեկյան Արմենի հրաժարականն են պահանջում, ու հիմնավորում են՝ ինչու․ նրանք պնդում են, որ Մելիքբեկյանը իսպառ ձախողել է կառավարումը, չի կարողանում ճիշտ կադրեր ընտրել, լավ մարզիչ հրավիրել հավաքական, բոլորի հետ կոնֆլիկտ ունի, իր ամբիցիաների պատճառով հավաքականից հեռացել ու վերադառնալու միտք չունի այլևս մեր պարծանքը՝ Հենրիխ Մխիթարյանը ու այսպես շարունակ։ Նրա դեմ են դուրս եկել նաև տեղական ակումբները, որոնք ՖԱՖ-ի հետ միասին պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Բայց Մելիքբեկյանի երեսը, ասես, պադոշից լինի՝ նա կառչել է իր աթոռից ու ոչ մի կերպ չի ուզում տեղի տալ ճնշմանը, հեռանալ ու թույլ տալ, որ նորմալ մեկը գա, մեր հավաքականին այս ճգնաժամից հանի։
Ասում է՝ «երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց, որ կարող ենք առաջ գնալ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր խնդիրները ներսում լուծել և հուլիսին ներկայանալ որպես մարտունակ թիմ»։
Բա մինչև էդ ո՞ւր էիր, ինչո՞ւ երկար զրույցներ չէիր ունենում, մինչև էդ ի՞նչն էր խանգարում առաջ գնալ և հաղթահարել բոլոր դժվարությունները։ Սպասում էիք հուլիս ամսի՞ն։ Իսկ մարտին չէ՞ր կարելի այդ բոլոր խնդիրները հաղթահարել ու պատշաճ ներկայանալ, որ ազգովի խայտառակ չլինեինք։
Իսկ 2024-ին հնարավո՞ր չէր այդ ամենը կազմակերպել այնպես, որ ունենայինք լավ պատրաստված ու մարտունակ թիմ։
Հիշենք միայն 2024-ին Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքները, ու պարզ կդառնա, թե ինչ է իրենից ներկայացնում Արմեն Մելիքբեկյանը՝ որպես ՀՖՖ անփառունակ նախագահ։
Այսպես, ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին՝ մարտի 22-ին, ընկերական հանդիպման ժամանակ Հայաստանը 0:1 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին։ Մի քանի օր անց Չեխիայի հավաքականն է մեզ 2:1 հաշվով պարտության մատնել, հունիսին էլ Սլովենիային ենք նույն 2:1 հաշվով պարտվել։ Դրանից հետո երկու հաղթանակ ենք գրանցել՝ 2:1 հաշվով Ղազախստանի ընտրանու հետ խաղում, 4:1 հաշվով՝ Լատվիայի հավաքականի հետ խաղում։
Սեպտեմբերին նորից սկսվել է պարտությունների շքերթը․ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում երկու անգամ պարտվել ենք 2:0 հաշվով, Ֆարերյան կղզիների հետ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2, իսկ երկրորդ հանդիպումը՝ 0:1 հաշվով պարտությամբ, և միայն Լատվիայի ընտրանու հետ խաղում է, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 2:1:
Ու այսքանից հետո դեռ Մելիքբեկյանն իր նիկոլական մտքերով ու դավանած նիկոլիզմով հույս ունի, որ այս տարվա հուլիսին Հայաստանի հավաքականը իր գլխավորությամբ պետք է հաջողություններ գրանցի։ Վերջին տարիներին հայկական ֆուտբոլում միակ հաջողություն գրանցողը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն է՝ ֆինանսապես։ Մնացածը բոլոր հարցերում դեռևս միայն ամոթ է, խայտառակություն և պարտություն։
Վահե Մակարյան