ՔՊ-ականների գործընկեր Ալիևը ղարաբաղյան հարցը համարում է փակված

ՔՊ-ականների գործընկեր Ալիևը ղարաբաղյան հարցը համարում է փակված

Մենք լուծել ենք այս հարցը, ուզում է Հայաստանը, թե ոչ, ամբողջ աշխարհն է դա ընդունում։ Մենք լուծել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, ապա այն Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ՔՊ-ական իշխանությունների գործընկեր Իլհամ Ալիևը հայտարարում է, որ ղարաբաղյան հարցը լուծված է և Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» պաթոսային հայտարարությունն որևէ նշանակություն չունի Բաքվի համար:

Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ՝ Սյունիքն Ալիևն անվանում է Արևմտյան Զանգեզուր, իսկ ՔՊ-ական խմբակը ծպտուն չի հանում՝ հակադրվելու Բաքվին և պաշտպանելու ազգային, պետական շահերը: Արցախի և Սյունիքի ապագայով մտահոգված է ընդդիմությունը, որին թրոլինգ են անում թե Ադրբեջանում՝ Ալիևը վարչակազմը, թե Երևանում՝ ՔՊ-ականները: 

Արցախի և Սյունիքի պաշտպանները թիրախավորվում են ՔՊ-ի և Ալիևի կողմից, ինչը պետք է ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ ապացուցի, որ գործող իշխանությունների  համար արցախյան հարց գոյություն չունի՝ միակ խնդիրն իրենց աթոռները պահելն է և պարգևավճարներ ստանալը: Ապագա կա՝ միայն ՔՊ-ականների համար, ովքեր այդ ապագան պատկերացնում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սերտ կապեր, խաղաղության դարաշրջան հաստատելու և վիզա ստանալուց հետո հայկական Շուշի մեկնելու մեջ՝ այսօր Շուշին ցավոք գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: 

ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի, ԱԳՆ-ի և ՔՊ-ական պատգամավորների շուրթերով պետք է պատասխանեն Ալիևին՝ կա արդյոք արցախյան հարց և ինչ ապագա է սպասվում արցախահայությանը: Դրան զուգահեռ՝ պաշտոնական Երևանը պետք է խստորեն դատապարտի Ալիևի տարածքային նկրտումները Սյունիքի և ՀՀ այլ սուվերեն տարածքների նկատմամբ:

Եթե ՔՊ-ականները կարծում են, որ խաղաղության դարաշրջան բացելով Բաքվի և Անկարայի հետ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը դադարելու է Հայաստանն ու Արցախն ոչնչացնելու, էթնիկ զտումների և տնտեսական կլանման քաղաքականությունը, ապա նրանք պետք է օր առաջ հրաժարական տան, քանի որ ինքնախաբեությամբ կարող են կործանել հայկական պետականությունը: Ադրբեջանը շարունակում է զինվել՝ միլիարդավոր դոլարների զենքեր է գնում, նոր զորամասեր է կառուցում Արցախի օկուպացված շրջաններում, կառուցում է մզկիթներ Շուշիում և Հադրութում: 

ՔՊ-ականները պետք է զիջեն իշխանությունը՝ հանուն հայկական պետականության գոյության՝ հակառակ պարագայում Հայաստանն այլևս որևէ գեոպոլիտիկ հետաքրքրություն չի ներկայացնելու ոչ ՌԴ-ի, ոչ Արևմուտքի համար՝ վերածվելով թուրք-ադրբեջանական կապիտալի և դեմոգրաֆիական հսկողության տակ գտնվող տարածքի:

Վահրամ Բագրատյան