«Դեղին մամուլի» «ասպետները»

«Դեղին մամուլի» «ասպետները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանն է, ով փորձել է ամեն կերպ արդարացնել ԿԸՀ-ն կուսակցականացնելու Փաշինյանի փորձերը:


«Դեղին մամուլի» կառավարման ֆենոմենը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամներն էին տարիներ շարունակ քննադատում նախկին իշխանություններին՝ ապակուսակցական մարմիններում սեփական դրածոներին նշանակելու համար:Բայց ժամանակները փոխվել են, հիմա իրենք են իշխանության ու տրվել են հին համակարգին բնորոշ գայթակղություններին՝ անգամ գերակատարելով պլանը:   Բայց, ի տարբերություն նախկինների՝ պոպուլիզմի մեծ դոզայով:

Ահա, թե ինչ է ասում «ուսապարկերի» տեսության հեղինակ Վահագն Ալեքսանյանը. «Վահագն Հովակիմյանը նախ մինչև պատգամավոր, մինչև կուսակցական լինելը եղել է մարդ, լրագրող, ով տարիներ շարունակ հենց նաև այդ քննադատողներից շատերի հետ ուս ուսի տված պայքարել է անարդարությունների, ընտրություններում տեղ գտած ապօրինությունների ու այդ ամենի դեմ ու դա արել է շատ սկզբունքայնորեն: Ու հենց այդ քննադատողների մեծ մասը, ինձ թվում է, դա առնվազն տեսել է: Մեղադրանքը կայանում է նրանում, որ Վահագն Հովակիմյանը, որպես այդպիսին, պիտի՞ դավաճանի իր սկզբունքներին: Որտե՞ղ է դա երևացել»:

Հայաստանում ներդրվում է «Դեղին մամուլի» կառավարման ֆենոմենը:

Դեգրադացիա

Փաստորեն, Վահագն Հովակիմյանը դառնում է ԿԸՀ նախագահ, որովհետև ժամանակին, որպես լրագրող, գրել է ընտրությունների մասին: Թերևս, նույն սկզբունքով, շատ շուտով «ՀԺ»-ի տնտեսական լրագրողը կդառնա էկոնոմիկայի նախարար, իրավական հարցերով լրագրողը՝ արդարադատության նախարար ու այսպես շարունակ: Հա, մի զարմացեք. ի դեպ, այդ թերթի մարզական մեկնաբանը վաղուց ՀՖՖ փոխնախագահն է:

 Վահրամ Բագրատյան