Որո՞նք են ալերգիայի ախտանշանները

Որո՞նք են ալերգիայի ախտանշանները

Ալերգիայի ախտանիշները, որոնք կախված են ներգրավված նյութից՝ ալերգենից և դրա ազդեցության տեսակից, կարող են ազդել ձեր շնչուղիների, քթային անցուղիների, մաշկի և մարսողական համակարգի վրա:

Ալերգիկ ռեակցիաները կարող են ընթանալ թեթևից մինչև ծանր ախտանիշներով: Որոշ ծանր դեպքերում սուր ալերգիան կարող է նպաստել կյանքին սպառնացող գերծանր ռեակցիայի զարգացմանը, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա:

Խոտային տենդը, որը նաև կոչվում է ալերգիկ ռինիտ (ալերգիկ հարբուխ), կարող է առաջացնել՝

փռշտոց, քթի, աչքերի կամ բերանի «առաստաղի» (կարծր քիմք) քորի զգացում, քթահոսություն (հարբուխ) կամ լցվածության, փակվածության զգացում ,ջրակալած, կարմրած կամ այտուցված աչքեր (կոնյուկտիվիտ):

Սննդային ալերգիան կարող է առաջացնել՝

բերանում ծակոցներ, շրջունքների, լեզվի, դեմքի կամ ըմպան-կոկորդի այտուց, եղնջացան, անաֆիլաքսիա:

Միջատի խայթոցից ալերգիան կարող է առաջացնել՝

խայթոցի տեղում այտուցված մեծ դաշտ, ամբողջ մարմնով տարածվող քոր կամ եղնջացան, հազ, կրծքավանդակի լարվածություն, շնչելիս՝ խզզոցներ կամ շնչարգելություն (հևոց), անաֆիլաքսիա:

Դեղորայքային ալերգիան կարող է առաջացնել՝

եղնջացան, մաշկի քոր, մաշկի ցանավորում, դեմքի այտուցվածություն, շնչառական խզզոցներ, անաֆիլաքսիա:

Ատոպիկ դերմատիտը, որը մաշկի ալերգիկ հիվանդություն է և նաև կոչվում է նաև էկզեմա, կարող է առաջացնել՝

քոր, մաշկի վրա կարմիրից մինչև շագանակագույն-մոխրագույն օջախներ ,հաստացած, կոպտացած և ճաքճքած ալրանման թեփոտ մաշկ

Անաֆիլաքսիա

Ալերգիայի որոշ տեսակներ, այդ թվում՝ սննդային և միջատի խայթոցից ալերգիաները կարող են խթանել գերսուր ալերգիկ ռեակցիա, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա: Անաֆիլաքսիան կյանքին սպառնացող վիճակ է, որը կարող է առաջացնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող շոկ:

Անաֆիլաքսիայի ախտանիշներից են՝

գիտակցության կորուստ, արյան ճնշման կտրուկ անկում (հիպոտենզիա կամ կոլապս), սուր շնչարգելություն և հևոց, մաշկի ցան, գլխապտույտ կամ ուշագնացության զգացում, հաճախացած և թույլ սրտազարկ (տախիկարդիա), սրտխառնոց և փսխում: