Թուրքիայում հայտնաբերվել է առաջին քրիստոնյաների ստորգետնյա քաղաքը, որը նվաճել է Տիգրան Մեծը

Թուրքիայում հայտնաբերվել է առաջին քրիստոնյաների ստորգետնյա քաղաքը, որը նվաճել է Տիգրան Մեծը

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող քաղաքում փոքր քարանձավում սկսված պեղումներն անսպասելի հայտնագործության են հանգեցրել, գրում է News.am-ը։

Հնագիտական ​​աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ քաղաքում՝ պատմական փողոցների եւ շինությունների մաքրման եւ պահպանման ծրագրի շրջանակում։

Միդյաթը հնագույն քաղաք է։ Հայտնի է, որ այն գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-րդ դարում, այնուհետեւ այն գրավել է Ասորեստանի թագավոր Աշուրնածիրապալ II-ը։ Բայց կան ենթադրություններ, որ քաղաքի բուն հիմնադրումը թվագրվում է մ.թ.ա III հազարամյակով, այն ժամանակ, երբ այդ երկրներ եկան հուրիները, որոնք հետագայում հիմնեցին Միտաննի պետությունը:

Երկար դարեր քաղաքը մնացել է ասորական, բացառությամբ՝ նվաճումների հազվադեպ շրջանների։ Այսպիսով, մ.թ.ա 1-ին դարում շրջակա հողերը գրավել է Տիգրան II-ը, եւ դրանք դարձել են Մեծ Հայքի մի մաս։ Ավելի ուշ՝ Տրայանոս կայսեր օրոք դրանք համարվել են Ասորեստանի հռոմեական նահանգը։

Մ.թ․ա․ 150-ից մինչեւ մ.թ. 250 թ․ Միդյաթը Եդեսիայի թագավորության կազմում էր։ Փոքր Ասիայում քրիստոնեության տարածման ժամանակ Միդյաթի ասորիները շատ արագ ընդունեցին նոր կրոնը։ Այս հողը Սիրո-պարսկական քրիստոնեական եկեղեցու (Արեւելքի ասորական եկեղեցի) բնօրրանն է։

Հնագետները պնդում են, որ Միդյաթի ժամանակակից բնակիչները գիտեին ամբողջ քաղաքում քարանձավների գոյության մասին, բայց դրան ոչ մի կարեւորություն չէին տալիս։

Պատմական աղբյուրներում ասվում է, որ Միդյաթն իր անունը ստացել է ասորերեն բառից, որը թարգմանաբար կոչվում է «Քարանձավների քաղաք»։ Այն հանդիպում է նաեւ մ.թ.ա. 9-րդ դարի արձանագրություններում։ Գիտնականները կարծում են, որ քաղաքի տակ գտնվող քարանձավները միշտ եղել են, բայց դրանք բնակեցվել են մոտ 1900 տարի առաջ՝ առաջին քրիստոնյաների հռոմեական հալածանքների ժամանակ։

Ստորգետնյա քաղաքում պեղումների ընթացքում հայտնաբերվել են խորաններ, հստակ պաշտամունքային բնույթի առանձին սենյակներ, սննդի պահեստներ, ջրի հորեր եւ միջանցքներ։

Փոքր Ասիայում արդեն իսկ հայտնաբերվել են ստորգետնյա քաղաքներ, որոնցից ամենահայտնիներն են Կապադովկիայի Դերինկույուն եւ Նեւշեհիրը։ Բայց եթե առաջինը փորվել եւ օգտագործվել է հազարամյակներ առաջ, ապա երկրորդը գիտնականների կողմից թվագրվում է վաղ բուզանդականից ոչ հին ժամանակաշրջանով։

Ըստ պեղումների ղեկավար Ղանի Թարքանի՝ ստորգետնյա Միդյաթ քաղաքը նրանցից տարբերվում է նրանով, որ այն շարունակաբար օգտագործվել է գրեթե 1900 տարի։ Այն սկզբում կառուցվել է որպես թաքստոց։ Ինչպես հայտնի է, 2-րդ դարում քրիստոնեությունը պաշտոնական կրոն չէր. քրիստոնեությունն ընդունած ընտանիքներն ու խմբերը սովորաբար թաքնվում էին քարանձավներում՝ խուսափելու հռոմեական հալածանքներից։

Թարքանը նաեւ կարծում է, որ քաղաքում կարող էր ապրել 60-70 հազար մարդ։ Սա շատ համարձակ ենթադրություն է, եւ պետք է սպասել գոնե մինչեւ պեղումների ավարտը եւ բոլոր գտածոների ուսումնասիրությունը։

Ասորիների կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր Միդյաթը համարվում է Մերձավոր Արեւելքում այդ կրոնի կարեւորագույն կենտրոնը։ Թեեւ ասորիները երկար ժամանակ կազմում էին քաղաքի բնակչության հիմնական մասը, սակայն այս վայրերում աստիճանաբար հաստատվեցին հայեր եւ հույներ, որոնք նույնպես արագ ընդունեցին քրիստոնեությունը։ Իսկ մ. թ. 3-րդ դարում Եդեսիայի թագավորությունը գրավվեց Սասանյանների կողմից (Իրանի իշխող դինաստիան) եւ դարձավ նրանց կայսրության մի մասը։

Այնուհետեւ սկսվեցին մի շարք պատերազմներ Սասանյանների եւ Բյուզանդիայի, Բյուզանդիայի եւ արաբների միջեւ, եւ XI դարում այս հողերը գրավեցին թուրք-սելջուկները: Չնայած այն հանգամանքին, որ իսլամը դարձավ պաշտոնական կրոն, Միդյաթում մնացին բավականին շատ քրիստոնյաներ՝ հիմնականում ասորիներ եւ հայեր։

16-րդ դարում Միդյաթը պաշարեց եւ գրավեց Օսմանյան կայսրության իններորդ սուլթան Սելիմ I-ը։ Մահմեդականները, այդ թվում՝ քրդերը, տեղափոխվեցին հին Ասորեստանի երկրներ։ Ժամանակ առ ժամանակ փորձում էին էթնիկ զտումներ կատարել, բայց հետո նրանք պարզապես փորձեցին թալանել ամենահարուստ քաղաքացիներին, որոնք հիմնականում, ինչպես արդեն ասացինք, ասորիներ էին եւ հայեր։

Այնուամենայնիվ, իշխանությունները թույլ չտվեցին, որ նման կողոպուտները հատեն որոշակի սահման՝ ընդհուպ մինչեւ 1915թ․, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց համակարգված բնաջնջել ասորիներին եւ հայերին։