Երբևիցէ Արցախն այսքան վտանգված չի եղել, վտանգված է նաև Հայաստանը. Վանեցյան
Ցավոք սրտի, արդեն երկու ամսից ավելի Արցախը շրջափակված է: Ցավոք սրտի, մենք եկել հասել ենք մի կետի, երբ երբևիցէ Արցախն այսքան վտանգված չի եղել՝ ո՛չ ղարաբաղյան շարժման մեկնարկին, ո՛չ անցած երեսուն տարիների ընթացքում մենք չենք ունեցել նման ծանր իրավիճակ: Այս մասին մասին «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ վտանգված է նաև Հայաստանը:
«1991-1992 թվականների ձմեռը, երբ Արցախը բառիս բուն իմաստով պաշարված էր, չկար ոչ սնունդ, ոչ զենք, ոչ լույս, ոչ գազ, և թվում էր ամեն ինչ վերջացած է, հայությունը միասնական ուժերով կարողացավ ճեղքել այդ շրջափակումը։ 1992 թվականի սարսափելի հունվար-փետրվարից հաշված օրեր ու ամիսներ անց հայ ժողովրդին հաջողվեց ազատագրել Իվանյանը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը և ի վերջո դուրս գալ Արաքսի ափ ու ստեղծել անվտանգության այնպիսի գոտի, որի պայմաններում Ադրբեջանը հասկացավ, որ չի կարող հասնել իր նպատակին ու արցախցուն հանել իր բնօրրանից: Հայ ժողովրդին դա հաջողվեց, որովհետև կար միասնություն, կար հավատ դեպի շարժում ու առաջնորդներ։ Այսօր, ցավոք, կա դրա պակասը, գրեթե չկա վստահություն որոշումներ կայացնողների նկատմամբ, և մենք ունենք մի իրավիճակը, որը կարելի է բնութագրել ամենասարսափելին Արցախյան շարժման մեջ», -նշեց Վանեցյանը։
Ցավոք, շարունակեց նա, վիճակն այսօր ավելի վատ է, քան հեռավոր 90-ականներին. Արցախը շրջափակված է, Ադրբեջանը գործնականում ամեն օր մտածում է մի նոր բան, որով արցախահայությանը կստիպի հուսալքվել, հիասթափվել և ի վերջո լքել իր հայրենի տունը։ Եվ, ցավոք Ադրբեջանին, ինչ-որ տեղ դա հաջողվում է.
«Հաջողվում է, որովհետև չկա միասնություն, չկա համախմբվածություն և չկա վստահություն որոշում կայացնողների հանդեպ։ Բռունցք դառնալու փոխարեն, այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր ժողովրդին պառակտում՝ յուրայինների ու հակառակորդների, սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների, արևմտամետների ու ռուսամետների և այլն։ Դրա արդյունքում չենք կարողանում ունենալ միասնություն և ստեղծել այն ուժը, որը կկարողանա պայքարել այս դժվար իրավիճակում»,- շեշտեց նա։
Նա նաև շեշտեց, որ պայքարը դեռ առջևում է, ինքը լավատես է ու վստահ, որ այդ պայքարն ի վերջո բերելու է մեր իղձերի իրագործմանը։
Մանրամասները՝ տեսանյութում: