Մի նվաստացման պատմություն. ամեն ինչ արդար է

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» ստորագրահավաք են սկսել՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար: Սա հաջորդում է փոխնախարարի պաշտոնում Սիրվարդ Գևորգյանի նշանակմանը։ Խոսքն այն դեպքի մասին է, երբ փոխնախարար էր նշանակվել մեկը, ով ժամանակին եղել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը:
Մինասյանին պաշտոնանկ անելու պատճառների մասին ՔՊ-ում շատ չեն խոսում, միայն նշում են՝ դրանցից մեկն էլ այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։
Այնպիսի տպավորություն է, որ ՔՊ պատգամավորներն այլմոլորակային են ու հենց նոր իմացան, որ Գրիգոր Մինասյանը հայտնի մարդկանց եղբայր կամ որդի է:
Մյուս կողմից, Մինասյանին կամ նրա կադրերին նշանակել է Փաշինյանը, ու ՔՊ պատգամավորների՝ Մինասյանին անվստահության հիմքերը շատ պարզունակ են:
Բայց այս պատմության մեջ ամեն ինչ արդար է:
Ցանկացած ուրացում, իսկ Գրիգոր Մինասյանի արածն այլ բան չէր, գին է ունենում, հաճախ՝ նվաստացման ձևով:
Նիկոլ Փաշինյանը Մինասյանին կարող էր ուղղակի պաշտոնանկ անել՝ առանց նվաստացնելու:
Բայց Փաշինյանը որոշել է գործել ժանրի կանոններով. իր թիրախին նվաստացնել մինչև վերջ:
Շատ հնարավոր է՝ այս պատմությունը նոր շարունակություն ունենա:
Օրինակ, եթե Մինասյանը հիմա ինքնակամ չհեռանա, շատ հնարավոր է՝ Փաշինյանը որոշի մերժել իր պատգամավորներին ու «խնայել» Մինասյանին՝ նոր ստորաքարշություն կատարելու դիմաց:
Դրանից հետո, նրանից ազատվելն ավելի «պատվաբեր» կլինի:
Վահրամ Բագրատյան