Նոր մարտավարությո՞ւն, թե՞ փակուղի...

«Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր: Մենք մարդ բերելու խնդիր չունենք: Մենք ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք ժողովրդից: Պետք է գնանք, տեղում խոսենք և աջակցենք մեր ժողովրդին: Որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ բազում զարգացումներ լինում»,- կիրակի Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:
Եթե Բագրատ Սրբազանին ճիշտ եմ հասկացել, գործընթացը գնում է քաղաքական կառույցի ձևավորման և ընտրությունների միջոցով փոփոխություններ բերելու ճանապարհով:
Ու կարևոր չէ՝ հերթական, թե արտահերթ ընտրությունների:
Սա քաղաքական ճանապարհ է, որը, սակայն, պետք է ձերբազատել «ազգային-ազատագրական պայքարի» փաթեթավորումից:
Այլ խոսքով, Սրբազանը պետք է ձևավորի քաղաքական կառույց՝ իր հստակ օրակարգով, հարթակով, ծրագրով:
Դա բարդ աշխատանք է, որովհետև պահանջում է մեծ ջանքեր, քաղաքական հստակ, փաստահեն գնահատական Երրորդ հանրապետության տարբեր փուլերին, հետնիկոլական Հայաստանի տեսլականի ներկայացում:
Սա է իրական այլընտրանքի, քաղաքական բովանդակություն ձևավորելու ճանապարհը: Կամ դա անցնում ես ու դառնում ես իրական այլընտրանք գործող իշխանությանը, կամ էլ՝ դառնում ես հերթական ձախողված ընդդիմադիր շարժումը:
Վահրամ Բագրատյան