Ի՞նչ սպասել 5-րդ նախագահից

Ի՞նչ սպասել 5-րդ նախագահից

Երեկ տեղի ունեցավ նորընտիր նախագահ Վահագն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը ու նա ստանձնեց իր լիազորությունների կատարումը։

Վահագն Խաչատրյանը Հանրապետության 5-րդ նախագահն է։

Իհարկե, ճիշտ չէ գնահատման նույն չափանիշով անդրադառնալ հինգ նախագահների գործունեությանը։

Առաջին երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նախագահի կարգավիճակով հանդիսացել են երկրի ղեկավարները, պատասխանատու են եղել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության համար։ Նրանք նաև գործիչներ էին, որոնք իշխանության են եկել 88-ի համազգային ալիքի վրա, անմիջական դերակատարություն են ունեցել արցախյան առաջին պատերազմում։

2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո, նախագահի պաշտոնը դարձավ արարողակարգային, նա այլևս երկրի ղեկավարը չէ, պետության գլուխն է ու բնականաբար՝ միանգամայն այլ են հանրային սպասելիքները, քաղաքական այն նշաձողը, որն օրակարգ ու սպասումներ է ձևակերպում այս պաշտոնյայի համար։

Սրանով հանդերձ, տարբեր են նաև Արմեն Սարգսյանի ու Վահագն Խաչատրյանի հանգամանքները, այն համատեքստերը, որոնցում նրանք դառնում են նախագահ։

Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի անդամ չէր ու, թերևս, որոշակի առաքելությամբ էր ստանձնում պաշտոնը։ Սերժ Սարգսյանը մտադիր էր պահպանել երկրի ղեկավարի պաշտոնը՝ վարչապետի կարգավիճակով, բայց ուզում էր ռեբրենդինգի ենթարկել իշխանությունը ու այդ իմաստով՝ որոշակի առաքելություն էր վերապահել նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին ու փոխվարչապետ Կարեն Կարապետյանին։ Այլ խոսքով, նրանք նաև չգրված ֆունկցիաներ պետք է ունենային, ըստ ամենայնի՝ որոշակի պայմանավորվածություններ ունեին երրորդ նախագահի հետ։ Այդ մասին, ի դեպ, վերջերս ակնարկեց նաև Հանրապետության չորրորդ նախագահը։

Վահագն Խաչատրյանի պարագան միանգամայն այլ է։

Նա պետք է ապահովի Նիկոլ Փաշինյանի ձևակերպած «քաղաքական ներդաշնակությունը», այն է՝ իշխանության կենտրոնացումը գործող վարչապետի ձեռքում։ 

Վահագն Խաչատրյանն՝ իր հոժար կամքով, ստանձնել է այս «առաքելությունը»։ Հենց այս համատեքստում էլ պետք է ձևակերպվեն նրա գործունեության նկատմամբ հանրային կամ քաղաքական սպասումները։

Վահրամ Բագրատյան