«Ասում էր՝ գամ, կտանե՞ս Սասունցի Դավթի արձանի մոտ... չեկավ, բերեցին». հայրն ու 14-ամյա որդին՝ պայթյունի հերթական զոհերը

«Ասում էր՝ գամ, կտանե՞ս Սասունցի Դավթի արձանի մոտ... չեկավ, բերեցին». հայրն ու 14-ամյա որդին՝ պայթյունի հերթական զոհերը

Վաղը՝ նոյեմբերի 7-ին Երևանում դարձյալ արցախցիների հոգեհանգստի արարողություն է։ Այս անգամ կողք-կողքի հայրն ու իր 14-ամյա որդին են…

Սևակ Միրզոյանը ոստիկանության երկարամյա ծառայող էր, այնպես էր նվիրվել ծառայությանը, որ անգամ հարազատ համակարգից, բնակավայրից դուրս գալու որոշումը դժվարությամբ է կայացրել։ Անձնական գործերը վերջացրել էր, համածառայակիցներին հրաժեշտ տվել, որոշել էր ընտանիքին տարհաներ սեպտեմբերի 25-ին։ 

Քույրը՝ Սուսաննան MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ վառելիքի խնդիր ո՛չ Սևակը ուներ և ո՛չ էլ հայրը, պարզապես ընկերոջ հորդորով նույն օրը գնացել էին վառելիքի պահեստ, 14-ամյա որդուն էլ հետը տարել՝ վերջինիս ցանկությամբ։ 

«Այդ օրերին Արցախում կապի խնդիր կար և Սևակի հետ կապ հաստատել հնարավոր չէր։ Արդեն շատ ուշ էր, ու նրանք չէին վերադառնում։ Հետո, երբ արդեն քաղաքում տարածվեց լուրը պայթյունի մասին, ամեն ինչ արդեն պարզ էր։ Մեզ մնում էր սպասել հրաշքի, որն այդպես էլ չեղավ։ Ծնողներս և հարսս՝ Նոնան, 2 մանկահասակ երեխաների հետ այդ անորոշության մեջ էին, չգիտեին՝ ինչ անել։ Ես զանգեցի Երևանից ու հորդորեցի գալ, որովհետև իրավիճակն օր օրի վատանում էր, թուրքերը Ստեփանակերտին շատ մոտ էին, ես էլ շատ անհանգիստ։ Ասացի՝ եկեք, այստեղից միասին կշարունակենք որոնումները»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Սուսաննայի ընտանիքն ի վերջո հասավ Հայաստան։ Բայց Սևակի ու Սամվելի մասին լուր չկար։ Ինքն անձամբ իր վրա վերցրեց որոնումները, նախ, հիվանդանոցներում, դիահերձարաններում, ապա օգտագործելով կապերը՝ նաև Արցախում որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարների ու ոստիկանների հետ։ Օր օրի մարում էին եղբոր և որդու ողջ մնալու մասին սպասումները։ 

«Երեխային ճանաչել եմ իմ գնած բլուզով, վզին կախված շղթայով ու խաչով, և «Սասունցի Դավթի» պատկերով մատանիով։ Մարմիններն ամբողջությամբ այրված, նրանց 2-ի դեմքն անճանաչելի։ Ես գիտեի, որ իրենք են, բայց քանի որ մեր տանը հույսով սպասում էին, ուզում էի, որ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվի»,-պատմում է Սուսաննան՝ ափսոսանքով նշելով, որ Սամվելն իրեն մի քանի անգամ ասել էր՝ «հորքուր, ճանապարհը բացվի գամ, կտանե՞ս ինձ Սասունցի Դավթի արձանի մոտ. չեկավ, բերեցին»։ 


Սևակը՝ ժպիտը միշտ դեմքին ճանապարհային ոստիկանը, չափազանց ընկերասեր ու մարդամոտ տղա էր, նվիրված իր ընտանիքին ու հարազատներին։ Հիմա Սևակի կինը, ծնողները, բոլոր հարազատները անպատմելի ցավ են ապրում։ Սուսաննան ասում է, որ բառերով չի կարող նկարագրել կատարվածը, բոլորի սրտերը փշուր-փշուր է եղել։

Սևակի ու նրա 14 տարեկան որդու մահով մի երիտասարդ ընտանիք ևս դժբախտացավ…

Հունան Թադևոսյան