Ռուս խաղաղապահների հենակետերը Լաչինի միջանցքից չեն ապամոնտաժվել, բայց բնակավայրերը հայաթափվել են․ Մետաքսե Հակոբյան

Արցախի և Հայաստանի իշխանություննները Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը վերջնականապես հայաթափեցին, հիմա այդ բնակավայրերում միայն ապամոնտաժման աշխատանքներ են։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ցավալին այն է, որ մենք մեջը հայաթափվում էր, ու ոչինչ չէինք կարողանում անել։ Երեկ ապամոնտաժեցին Բերձորի հուշարձանները, ենթակառուցվածքներն արդեն մի քանի օր չկան, կապի միջոցներ չկան։ Այնպիսի վիճակ էր, որ մարդիկ մինչև տեղահանվելը իրենց վտանգի մեջ զգան։ Բոլոր պայմանները Արցախի իշխանությունների կողմից ստեղծվեցին, որ Արցախը հայաթափեն։ Իհարկե, հասկանալի է, որ իրենք ինքնագլուխ չէին, հրահանգը իրենց շեֆից էր՝ Նիկոլ Փաշինյանից»,-ասաց նա։
Մետաքսե Հակոբյանն ընդգծեց՝ ռուս խաղաղապահների հենակետերը Լաչինի միջանցքից դեռ չեն ապամոնտաժվել, նրանք շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել , ճանապարհը գործում է այնպես, ինչպես կա։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք արդեն կայացել է Արցախի ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը ռուս խաղաղապահների հետ, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ դեռ ոչ, այսօր պարզ կլինի, թե երբ կհանդիպեն և հանդիպման արդյունքներից ելնելով հայտարարություն կտարածեն։
«Պետք է պարզաբանել Մաքսիմ Սելեզնյովի հայտարությունը, թե ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Սա կարևոր հարց է»,-նշեց պատգամավորը։
Անդրադառանալով դիտարկմանը, որ այս գործընթացների հետ կապված սլաքները, որպես համակարգող, Վիտալի Բալասանյանին են ուղղում, պատգամավորն ասաց․ «Բնականաբար, քավության նոխազներ են լինելու, բայց ես այսօր որևէ մեկից չեմ ուզում թոթափել պատասխանատվության բեռը։ Իշխանությունները պատասխանատու են բոլորը, ով ուզում է լինի՝ բոլորը պատասխանատու են։ Բայց ակնհայտ է, որ քավության նոխազ էլ փնտրում են։ Արայիկ Հարությունյանը մի քանի օր է իր գրպանի ընդդիմությանը հանել է, անուններ են վանկարկում, ողջ պատասխանատվությունը փորձելով բարդել Վիտալի Բալասանյանի վրա։ Մոռացել են, որ Արայիկ Հարությունյանը անձամբ էր ադրբեջանցիների հետ հանդիպում»,- եզրափակեց նա։
Անի Գևորգյան