Արցախի Տոնաշենում ամեն օր առերեսվում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին․ գյուղը չունի դպրոց, ճանապարհ ու անգամ խանութ

Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղն Արցախի սահմանապահ ու պատերազմից բավականին տուժած գյուղերից է։ Առաջին լուրջ խնդիրը, որին ամեն օր բախվում են տոնաշենցիները, Արցախի մյուս բնակավայրերից գրեթե մեկուսացված լինելն է։
«Հիմա գյուղից չենք կարողանում դուրս գալ,Մարտակերտ կամ Ստեփանակերտ գնալ։ Ճանապարհը, որով գնում էինք Մարտակերտ ու այլ բնակավայրեր, Մատաղիսով էր անցնում ու հիմա թուրքերի հսկողության տակ է։ Այլընտրանքային միակ ճանապարհից, որը Մաղավուզով է անցնում, ձմռանն ու անձրևային եղանակին գրեթե անհնար է օգտվել․ անանցանելի է դառնում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տոնաշենի գյուղապետ Մուշեղ Եդիգարյանը։
Խնդիրն ավելի է սրում գյուղում խանութի բացակայությունը։ Կենցաղային ցանկացած կարիք հոգալու համար տոնաշենցիները ստիպված են լինում Մարտակերտ հասնել, իսկ եթե ցեխ կամ ձյուն է լինում, չեն էլ կարողանում գնալ։
«Մի խանութ ունեինք, էն էլ պատերազմից հետո փակվեց։ Ինչ արեց, պատերազմն արեց, էլի։ Խանութն էլ փակվեց, դպրոցն էլ։ Դպրոցի շենքն էլ է պատերազմի ժամանակ վնասվել․ էնտեղ հիմա դաս պարապելն անհնար է։ Պատուհանները փոխել ենք, բայց շենքը կիսաքանդ վիճակում է։ Ամբողջ շենքը պետք է վերանորոգվի»,-ասաց Եդիգարյանը։
Տոնաշենի դպրոցահասակ երեխաները հիմա տարբեր համայնքներում են դասի հաճախում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ամեն օր կրող տոնաշենցիների միակ զբաղմունքն անասնապահությունն է։ Անասուն պահելն էլ դժվար ու վտանգավոր է դարձել պատերազմից հետո, բայց գյուղացիներն այլընտրանք չունեն։
Գյուղապետի խոսքով՝ պատերազմից հետո անասնագլխաքանակն ահագին կրճատվել է։ 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ու դրանից հետո առնվազն 50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն միայն Տոնաշենից անցել է թշնամու կողմն ու չի վերադարձել։ Այդուհանդերձ, մարդիկ շարունակում են կով պահել՝ թեկուզ արոտատեղին էլ դիտարկվում է թշնամու կողմից։
«Գյուղի վարելահողերն ամբողջությամբ թշնամու բռնազավթած տարածքներում են մնացել։ Վարձակալած մոտ 70 հա վարելահող ունեինք Մատաղիսին ու Թալիշին հարակից, իսկ 12 հա-ն էլ սեփականաշնորհած էր։ Հիմա էլ հող չկա, որ ցորեն կամ գարի ցանենք»,-եզրափակեց գյուղապետը։
Լուսանկարում՝ Տոնաշենի դպրոցի շենքը