Բանակի կորուստներ, փակվող առևտրային կենտրոններ, գաղտնի գործեր, «շեֆին» փրկողներ․ Մամուլը` սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է
Այսօրվա իշխանության ներկայացուցիչները, որոնք նախկինում ընդդիմություն էին, անընդհատ շահարկում էին «երկիրը թալանելու» թեման: Ավելին՝ իշխանության գալուց հետո խոստանում էին թալանվածը հետ բերել: Բանակը թալանելու թեման ևս արդիական էր: Բայց այդ մեղադրանքների հեղինակ օրվա իշխանությունն այսօր օր օրի հարստանում է, հետ չի մնում թանկարժեք ու նաև ցուցադրական վայելքներից անգամ ողբերգությունների, Արցախի շրջափակման ու օրեցօր աղքատացող ՀՀ բնակչության ֆոնին: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մեր այսօրվա տնտեսական, սոցիալական հարցերն ավելի լայն ու մեծ խնդրի ածանցյալն են:
Մինչ հիմնական սպառնալիքին անդրադառնալը, խոսելով իշխանությունների վայելքների մասին, նա շեշտեց. «Մեծ հաշվով, թալանում են երկիրը: Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում: Մենք մեծ ողբերգության ականատես եղանք՝ այդքան երիտասարդ մահացավ, տեսանք նաև, թե ինչ վիճակ է բանակում, բայց ամոթից մեռնելու փոխարեն իրենք շարունակում են պահել իշխանությունը, երթևեկել իրենց թանկարժեք մեքենաներով, նաև պարգևավճարներ ստանալ»: Ինչ վերաբերում է ամենամեծ սպառնալիքին՝ նա նշեց, որ իշխանություններն ուզում են երկիրը թուրքական տեղամաս դարձնել. «Եթե ժողովուրդը շարունակի համակերպվել այս ընթացքին, կդադարի գոյություն ունենալ: Պետք է վեր կենալ ու շահերը պաշտպանել բոլոր ուղղություններով, հակառակ դեպքում կհասնենք մի վիճակի, երբ այլևս անիմաստ կլինի քննարկել սոցիալական, տնտեսական հարցերը»:
Իսկ տնտեսական այսօրվա աշխուժությունը, նրա խոսքով, առարկայական հիմքեր չունի, որևէ կապ չունի մեր պետական կառավարման համակագի հետ ու պայմանավորված է զուտ արտաքին գործոններով. «Օտարերկրյա քաղաքացիների, նաև ֆինանսական հոսքերն են տնտեսության աշխուժություն ստեղծել, որը, սակայն, հավել յալ ու նոր արժեք չի ստեղծում»:
«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին «երկրորդ» փորձից ԱԺ-ում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և քպականների հանդիպումը։ Որքան էլ քպականները փորձում են ներկայացնել, թե հանդիպումն անցել է նորմալ և կառուցողական, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բավական թեժ է եղել ու «մուննաթախառը»՝ թե՛ պատգամավորների, թե՛ Պապիկյանի կողմից:
Ընդհանրապես, Ազատ գյուղում տեղակայված կացարանի ողբերգությունից հետո իշխանության որոշակի շրջանակների կողմից ամեն ինչ արվում է տեղի ունեցածը վեկտորել Պապիկյանի ու ԳՇ-ի ուղղությամբ, որպեսզի պատասխանատվությունը հեռացվի գլոբալ առումով թիմից, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանից: Տեղի ունեցած ողբերգության և, ընդհանրապես, բանակում տիրող վիճակի համար Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի մեղավորությունը, կարելի է ասել, որևէ մեկը չի էլ վիճարկում: Սակայն մյուս կողմից՝ թե՛ փորձագետները, թե՛ բազմաթիվ քաղաքական գործիչներ ոչ մեկ անգամ նշել են, որ այս ամենի համար պատասխանատու և մեղավոր է ամբողջ իշխանությունը և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը:
Հենց այս հանգամանքից ելնելով էլ իշխանական որոշ շրջանակներ փորձում են բանակին մեղավոր նշանակել՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի ու այն զինվորականների, որոնք արդեն ազատվել են աշխատանքից: Առավել ևս, որ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, Նիկոլ Փաշինյանը վաղուց «ատամ ունի» Սուրեն Պապիկյանի վրա, որը իշխանական թիմում դիտարկվում է որպես Փաշինյանի «իրավահաջորդ»:
«Հրապարակ» թերթը գրում է.
Գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, որոնցից մեկը գաղտնի ռեժիմով է բերվել, ենթադրվում է, որ այդ գործով ԱԺ նիստն էլ է փակ լինելու։ Պարզվում է՝ «գաղտնի» գործը բոլորովին էլ գաղտնի չէ, այդ գործի շրջանակներում տեւական ժամանակ է՝ կալանքի տակ է պաշտպանության նախկին մեկ այլ նախարար՝ Դավիթ Տոնոյանը: Գործը քննվում է դատարանում, եւ եթե պրոցեսը չձգձգեին, այն վաղուց քանդված կլիներ, եւ Տոնոյանն էլ ազատության մեջ կլիներ։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ, եւ մեղադրանք առաջադրվեց 7 անձի, բացի Տոնոյանից, նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին եւ այլոց։
Իրավապահների վարկածով՝ ԶՈւ եւ ՊՆ պաշտոնյաները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժեներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ի հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018 թ. ընկերությունից ձեռք են բերել 4 հազար 232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ չընդունված եւ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերք։ Օհանյանն այս գործով վկայի կարգավիճակում հարցաքննվել է, ասել, որ հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն ՊՆ-ն չի գնել դրանք, քանի որ պարզել է, որ անսարք են։ «Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում», որպեսզի հետագայում լիցենզիա ձեռք բերի եւ դրանք վաճառի երրորդ երկրի:
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարեւոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ կապված։ Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան։ Նրանցից մեկն անգամ անհանգստացել էր. «Կարո՞ղ է թշնամին պատերազմ է հայտարարել, կանչում է մարզպետը, որ այդ մասին տեղեկացնի:
Նիստից հետո մարզպետը մեզ ասաց, որ համայնքապետերին հրավիրել է ծանոթանալու նոր զինկոմի հետ եւ խնդրելու, որ պատշաճ ծանուցեն եռամսյա վարժական հավաքներին զորակոչված անձանց, որպեսզի հետագայում խնդիրներ եւ իրավական պատասխանատվություն չառաջացնի անձանց համար»։
Մեզ հետ զրույցում նա հերքեց, թե պահեստազորում հաշվառվածների ցանկ է պահանջել՝ ասելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է, եւ համայնքապետերը չեն կարող դրան տիրապետել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի տարածքում գործող խոշոր առեւտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում: Առեւտրի բոլոր կենտրոններում, այդ թվում՝ մարզայիններում, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ եւ ստուգումներ են իրականացվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թերությունների հայտնաբերումից հետո տնտեսվարողին այլեւս ժամանակ չի տրվում դրանք վերացնել, այլ անմիջապես գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվում։ Խոսքը ոչ միայն առեւտրի խոշոր կենտրոնների մասին է, այլեւ փայտամշակման, տպագրական արտադրամասերի, նավթամթերքի պահեստարանների, ընդհանուր նշանակության պահեստների, այնտեղ, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակում եւ դյուրավառ միջավայր:
Նախօրեին պարզ դարձավ, որ կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը: Տոնավաճառը պետք է փակվի փետրվարի 1-ից: Նշենք, որ այս որոշման հետեւանքով գործազուրկ է դառնում ավելի քան 600 քաղաքացի:
Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացվի նաեւ «Գնունի» շուկայի մասով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ուղիղ երեք տարի առաջ՝ այս օրերին՝ 2020-ի հունվարի 10-ին, երբ հայ հասարակության մոտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը ամիսներ անց Ադրբեջանի սանձազերծած աղետաբեր պատերազմը հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ է դառնալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ կառավարությանը դրվատելու մղումներից ելնելով, ի լուր աշխարհի հայտարարում էր. «2019 թվականի ընթացքում հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»:
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում առ այսօր հայոց բանակում, Փաշինյանի իշխանության իրական դեմքն ու պատկերն է ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունից, հավաքագրել է, թե 2018-ի իշխանափոխությունից մինչեւ այս պահը՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի դեպք է գրանցվել:
Այսպես, ըստ razm.info կայքում հրապարակված տեղեկատվության՝ 2018-ին ու 2019-ին ՀՀ ԶՈւ-ում զոհերի թիվը համապատասխանաբար 63 եւ 49 է եղել: Նշենք, սակայն, որ Փաշինյանը 2018-ի մայիսից է ստանձնել ՀՀ կառավարումը:
2020-ին, բացի պատերազմի հազարավոր զոհերը, ըստ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած տվյալների, պատերազմական գործողություններով չպայմանավորված՝ 100 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: 2021-ին խաղաղ պայմաններում 65 զինծառայող է զոհվել. տեղեկությունը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն է ներկայացրել մի հարցազրույցի ժամանակ: Նախորդ՝ 2022թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, բացի սեպտեմբերի 13-14-ի ռազմական էսկալացիայի հետեւանքով ունեցած մոտ երեք հարյուր զոհերը, խաղաղ պայմաններում, ըստ կայքերից մեկի ներկայացրած տեղեկատվության, բանակում մահվան 51 դեպք է գրանցվել (3 ամսվա տվյալները բացակայում են):
Ամենասարսափելին, ցավոք, 2023-ի հենց սկզբին գրանցված դեպքն էր՝ Գեղարքունիքի մարզի ողբերգությունը, ինչի ժամանակ ժամկետային 15 զինծառայող հրդեհի զոհ դարձավ: Ի դեպ, ըստ ռազմական փորձագետների ու բանակի հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ մինչեւ այս խաղաղ պայմաններում այդչափ թվով միաժամանակյա մահերի միջադեպ երբեւէ չէր գրանցվել: Այսպես, ի մի բերելով վերոգրյալ թվերը՝ մոտավոր այսպիսի պատկեր է ստացվում. Նիկոլ Փաշինյանի կառվարումից ի վեր՝ առ այս պահը, խաղաղ պայմաններում (չհաշված 2020-ի 44-օրյա ու 2022-ի սեպտեմբերյան երկօրյա պատերազմները) 343 զինծառայող է զոհվել:
Եթե այս թիվը համեմատելու լինենք մինչեւ Նիկոլ Փաշինյանի կառավարումը եղած նախորդ 4 տարիների հետ (այդ ժամանակ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր), ապա նորից, ըստ razm.info.am-ի ներկայացրած տվյալների, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը չհաշված, Սարգսյանի կառավարման վերջին 4 տարիներին բանակում մահացության 256 դեպք է գրանցվել, Փաշինյանի օրոք՝ 343: