Մթերքներ, որոնք կօգնեն վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը

Մթերքներ, որոնք կօգնեն վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը

Fabisoa.com-ը գրում է, որ էնդոկրին խանգարումները վտանգավոր են թե կնոջ, թե տղամարդու առողջության համար։ Էստրոգենի բարձր մակարդակը նվազեցնում է կնոջ բեղմնավորման հավանականությունը, դրա հետևանքով կարող  են առաջանալ ցելյուլիտ, երակների վարիկոզ լայնացում, նորագոյացություններ ձվարաններում և կրծքագեղձերում։ Պրոգեստերոնի ցածր մակարդակը հանգեցնում է ավելոդ քաշի, քնի խանգարման, ինչպես նաև նվազեցնում է ուղեղի ակտիվությունը։ Հորմոնալ անհավասարակշռությունը բացասաբար է ազդում մաշկի որակի վրա. այն չորանում է, թեփոտվում, կորցնում էլաստիկությունը, առողջ գույնն ու փայլը։

Հավասարակշռված սննդակարգը պետք է բավարար չափով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր ներառի։ Շատ դիետաներ առաջարկում են հրաժարվել այս կամ այն նյութերից, ինչը հղի է լուրջ վտանգներով։ Գոյություն ունի մի խումբ մթերք, որը կարող է օգտակար լինել հորմոնալ հավասարակշռության վերականգնման գործում և չի վնասում կազմվածքին։

Լոբազգիներ։ Բոլոր լոբազգիները հարուստ են սպիտակուցներով և բջջանյութով, որը կարող է կարգավորել խոլեստերինի մակարդակը։ Դրանք բավական երկար են յուրացվում, ինչի արդյունքում երկար ժամանակ հագեցածության զգացում եք ունենում։ Ամենաօգտակարներից է համարվում սիսեռը, որն ազդում է էստրոգենի արտադրության վրա, կարգավորում հորմոնալ ֆոնը։ Օգտակար է նաև ոլոռը, որը հարուստ է սրտի և անոթների համար անհրաժեշտ կալիումով։

Տոֆու պանիր։ Պանրի այս տեսակը խթանում է էստրոգենի արտադրությունը։ Այս մթերքը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, ինչի արդյունքում այն կարող է օգտագործվել՝ որպես այլընտրանք մսին։

Գազար։ Գազարը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են կարգավորել էստրոգենի մակարդակը։ Այս հորմոնի թե բարձր, թե ցածր մակարդակը կարող է լուրջ հետևանքներ ունենալ կնոջ առողջության վրա։ Այս բանջարեղենի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել կարգավորել պրոգեստերոնի, էստրոգենի և կորտիզոլի մակարդակը, ինչը դրական ազդեցություն կունենա ինչպես՝ տրամադրության, այնպես էլ՝ օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։

Ժելատին։ Ժելատինը մեծ քանակով օգտակար ամինաթթուներ է պարունակում, որոնք կարող են օգնել հորմոնալ հավասարակշռության վերականգնման հարցում։ Բացի այդ՝ այն նպաստում է կորտիզոլի մակարդակի նվազմանը և ապահովում վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը։

Նուշ։ Ընդամենը 10-11 նուշը բավական է մեծ էներգիա ունենալու համար։ Այս մթերքը կարող է օգնել նվազեցնել տեստոստերոնի մակարդակը, ինչը ևս կարևոր նշանակություն ունի կնոջ առողջության համար։ Այն դրական ազդեցություն է ունենում կնոջ վերարտադրողական առողջության վրա, լավացնում մաշկի վիճակը. մաշկը դառնում է քիչ յուղոտ։

Ավոկադո։ Այս միրգը մեծ քանակով օգտակար ճարպեր է պարունակում, որոնք նպաստում են «լավ» խոլեստերինի արտադրությանը։ Այն նպաստում է նաև լիպիդային հավասարակշռությանը։ Դրա պարբերական օգտագործման արդյունքում կարող եք լավացնել մաշկի որակը։

Քունջութի և կտավատի սերմեր։ Սրանք մեծ քանակով բջջանյութ են պարունակում, ինչը դրանց ամենամեծ առավելություններից է։ Այս սերմերն օգտագործվում են աղեստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորման նպատակով։ Դրանք դուրս են բերում տոքսինները, ինչը նպաստում է քաշի նվազմանը, կարգավորում են խոլեստերինի մակարդակը՝ դրանով նպաստելով սիրտ-անոթային համակարգի աշխատանքին։