Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ նախազգուշացում հայտարարվեց

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ նախազգուշացում հայտարարվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ նախազգուշացում հայտարարվեց։

ԲԴԽ-ն բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Գաբրիելյանի նկատմամբ հայտարարելով նախազգուշացում։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։ Ըստ միջնորդության՝ Արտուշ Գաբրիելյանը 2021 թ․ ապրիլի 30-ի որոշմամբ թույլ է տվել քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերում ամրագրված պահանջների խախտում։

«Դատարանը, գործով քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որոշել է մերժել այն՝ վերջինիս՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, սխալ է մեկնաբանել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածը. մեկնաբանել է մինչև 2019-ի դեկտեմբերի 14-ը եղած խմբագրությամբ: Ուստի հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման, արդյունքում չի քննել կալանավորման հիմքերի առկայության հարցը»,- նշել էր ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ վարույթի ընթացքում դատավորը ներկայացրել է բացատրություններ, որոնցում հիմնականում հայտնել է, որ որոշմամբ մեկնաբանել է գործող, ոչ թե՝ նախորդ խմբագրությամբ նյութական նորմը, ներկայացրել է այդ ուղղությամբ վերլուծություններ, ինչի արդյունքում կալանավորման պայմանին տվել է իրավաչափ գնահատական և հիմքերին չի անդրադարձել իրավաչափորեն։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ԲԴԽ-ում հրաժարվել էր որևէ դիրքորոշում ներկայացնելուց։