Դժբախտությունը օտարամոլության մեջ միայնակ մնալն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (ֆոտոշարք)

Դժբախտությունը օտարամոլության մեջ միայնակ մնալն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Տեր Տիգրան քահանա Բադիրյան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու.

«Մենք հաճախ ենք խոսում թշնամուն սիրելու մասին, բայց մոռանում ենք, որ Քրիստոսի ամենամեծ պատվիրանը «Սիրիր քո Տեր Աստծուն և սիրիր մերձավորիդ ինչպես քո անձը»-ն է: Օտարին սիրելն ու ներելը հեշտ է, հաճախ պետք է ուղղակի ոչինչ չանել, իսկ մերձավորիդ, հարազատիդ, ընկերոջդ, ընտանիքդ, հայրենիքդ, քաղաքդ, գյուղդ սիրելու համար ջանք է պետք, հոգատարություն է պետք:

Մենք շատ ենք խոսում օտարին սիրելու մասին, որովհետև վախենում ենք խոստովանել, որ մեր հարևանին, աշխատակցին ու հայրենակցին սիրել չենք ուզում: 

Հայրենիքը չի կարելի սիրել այն աղտոտելով, ընտանիքը անտարբերությամբ, ընկերոջդ քննադատությամբ, Աստծուն` հպարտությամբ։ Մենք պետք է մեր կողքինին գնահատել սովորենք, վերջապես ընդունենք, որ օտարը լավն է ոչ թե որ անթերի է, այլ որ չենք շփվում նրա հետ, իսկ մերձավորդ ոչ թե վատն է, որովհետև որևէ առավելություն չունի, այլ որովհետև մեր կողքին է:
Թշնամիներ ունենալը ամենաահավոր բանը չէ, ամենամեծ դժբախտությունը ընկերներ չունենալն է, սեփական հպարտության և օտարամոլության մեջ միայնակ մնալն է»։