ԱՄՆ-ն թքած ունի հայերի ճակատագրի վրա, իր շահերն ունի Ադրբեջանի հետ․ ադրբեջանագետ

ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի, որոնք կապված են ադրբեջանական նավթը, գազը Եվրոպա տեղափոխելու հետ։ ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներից հետո Եվրոպան Ադրբեջանից կախվածություն ունի, հետևաբար, Ադրբեջանն այն վիճակում է, որ կարող է պահանջներ ներկայացնել, որից մեկը Արցախը Ադրբեջանի կազմում ներառելն է։
Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ խոսելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստիվա Քվինի երեկվա հայտարարությունների, Ադրբեջանի քայլերի և դիրքավորման մասին։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ դեսպան Քրիստիվա Քվինը երեկ հայտարարել էր, թե հավատում են և հույս ունեն, որ հնարավոր է՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում և բնակչությունը խաղաղ ապրի։
«Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը»,- ասել էր դեսպանը։
«Մենք մեր տարածաշրջանում ունենք մի քանի խաղացող՝ միացյալ Արևմուտք, Ռուսաստան, Ադրբեջան և Թուրքիա։ Այս համագործակցության կիզակետում է գտնվում Հայաստանը՝ օբյեկտիվ կարգավիճակում։ Այսինքն, մեր ճակատագիրը որոշում են առանց մեր մասնակցության, մեր կարծիքը հարցնող չկա։ ԱՄՆ-ն, իրականում, թքած ունի հայերի ճակատագրի և ապագայի վրա, որովհետև իրենց պետք է, որ հայերին Ադրբեջանի կազմ մտցնեն ու Ադրբեջանից ստանան այն, ինչն անհրաժեշտ է Արևմուտքին։ ԱՄՆ ներկայացուցիչն այս ամենն ուղիղ ասել, բնականաբար, չի կարող, բայց նույն ժամանակ իր ձևակերպումներից էլ զարմանալ պետք չէ, որովհետև իր տեսակետը փաթեթավորել է ինչ-որ լավատեսությամբ, որ Ադրբեջանը բռնապետություն է, բայց հայերն այնտեղ ապագա ունեն»,-մեկնաբանեց Ադիբեկյանը։
Փորձագետի խոսքով՝ պետք է բացառել այն սցենարը, որով իբր հնարավոր է Ադրբեջանի կազմում խաղաղ ապրել։ Խոսելով նախորդ տարի Փաշինյանի՝ «նշաձող իջեցնելու»վերաբերյալ հայտարարությունների մասին և նույն ժամանակ թշնամու շարունակական սադրանքների մասին՝ ադրբեջանագետը նշեց, որ պետք է գիտակցել՝ Ադրբեջանը մեկ գերնպատակ ունի, այն է՝ ոչնչացնել Հայաստանը և արցախահայության ոչնչացումը պարզապես առաջին քայլն է։
«Արցախից հետո Սյունքի ոչնչացումն է, հետո Գեղարքունիքը, որովհետև Ադրբեջանը Սևանա լճի հետ մեծ նպատակներ ունի, քանի որ ջրային մեծ ռեսուրսների կարիք ունի, այդ պատճառով էլ Սևանը նրան նավթից էլ անհրաժեշտ է, հետո Տավուշն է գալիս ու Երևանը ոտքի ճամփա է։ Այս դեպքում Հայաստանը որպես քաղաքական միավոր դադարեցնում է իր գոյությունը և հայ ժողովուրդը խմբակային տեղափոխում է ինչ-որ այլ երկրի հայակական համայնք և շարունակում է իր գաղութային կյանքը, տարին մեկ կգա, Արարատին կնայի ու այդպիսով կշարունակի հայ լինել կամ չլինել»,-շեշտեց փորձագետը։
Ադիբեկյանի դիտարկմամբ՝ լուծումը միայն պատերազմն է, որովհետև նամակագրությամբ, դիվանագիտական ճանապարհով հնարավոր չէ խոչընդոտել թշնամու ծրագրին։
«Միջազգային հանրությունը Հայաստանին օգնելու ոչինչ չունի, որովհետև Բաքվի հետ համագործակցել իր համար շատ ավելի շահավետ է, քան ծնկի բերված Հայաստանի հետ։ Դիվանագիտական լուծում չկա, այսպիսի հարցերը միայն զենքով են լուծվում։ Այս պարագայում միայն իշխանափոխություն անելն է ճիշտ»,-նշեց Ադիբեկյանը։
Դիտարկմանը, որ այսօր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն ասել էր՝ եթե բանակցելու լիազորությունը իրեն տան, Փաշինյանը լռի, 2-3 ամսում կտրուկ հայանպաստ փոփոխություն է լինելու՝ Ադիբեկյանն արձագանքեց․
«Չեն տա նման լիազորություններ, քանի որ Փաշինյանը Ալիևի և Էրդողանի ծրագրով է շարժվում և խնդիրը գլխի բերող մարդ իրեն պետք չէ»,-ամփոփեց նա։