Կոտրվածք ստացած 23 քաղաքացի` քաղաքային իշխանության փնթիության հետևանքով

Կոտրվածք ստացած 23 քաղաքացի` քաղաքային իշխանության փնթիության հետևանքով

Փետրվարի 20-24 առավոտյան 9-ն ընկած ժամանակահատվածում Երևանի «Շտապ օգնություն» ՓԲԸ է դիմել 23 քաղաքացի` նախնական կոտրվածք ախտորոշմամբ: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանի «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ դեպքերը կապված են սառույցի վրա սայթաքելու և վայր ընկնելու հետ:

«Հոսպիտալացվել է այս 23 քաղաքացիներից 3-ը: Փետրվարի 20-ի առավոտյան 09:00-ից մինչև փետրվարի 22-ի 09:00 ժամանակահատվածը դիմած քաղաքացիները 14-ն են, նրանցից 1-ը հրաժարվել է հոսպիտալացումից: Փետրվարի 23-ի 09:00-ից փետրվարի 24-ի` ժամը 09:00-ի դրությամբ 9 քաղաքացի է կոտրվածք ստացել, նրանցից 7-ն է հոսպիտալացվել»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով` նեղ մասնագետները կարող են կոնկրետ ասել, թե ինչ վնասվածքներ են ստացել սայթաքած և վայր ընկած քաղաքացիները:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի հրամանով` այս օրերին սայթաքել ու վայր ընկնելու հետևանքով կոտրվածք ստացած քաղաքացիներն անվճար բուժօգնություն կստանան:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց, որ այսօրվանից իրականացնելու են նաև բակային հատվածների մաքրման աշխատանքներ:

Նարե Գնունի