Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակը դավադրությո՞ւն է, թե՞ զուգադիպություն 

Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակը դավադրությո՞ւն է, թե՞ զուգադիպություն 

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում Երևանում էր նաև բազմաթիվ ֆիլմերի և տեսահոլովակների ռեժիսոր, հնդկական արմատներով ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը։ Նա աշխատել է համաշխարհային աստղերի հետ, զբաղվել նրանց երգերի տեսահոլովակներով։

Հերթականը Լեդի Գագայի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկված «911» տեսահոլովակն էր։

«Ես գիտեմ, որ Հայաստանում այդ տեսահոլովակը դավադրություն են համարում ու Լեդի Գագային սատանա են անվանում, բայց նա կապ չունի, ես եմ ռեժիսորը և ինքս եմ որոշել, որ տեսահոլովակը նկարահանվի փարաջանովյան մոտիվներով»,- նշել է ռեժիսորը։

«911» տեսահոլովակի թողարկումից 9 օր անց Ադրբեջանը լայնածավալ գործողություն սկսեց Արցախի դեմ։ Հայ օգտատերերը սկսեցին մեկնաբանել հոլովակի կադրերը, հատկապես այն կադրը, որտեղ ժապավենի վրա հայերենով գրված է «Զգուշություն» բառը, իսկ դրա  վրա սև ու ծաղկավոր հագուստով պատկերված մարդը, որին պատգարակի վրա են դնում, համարեցին «Ղարաբաղ»՝ նկատի առնելով «Սև այգի»։ 44 օր տևած պատերազմի ավարտը խորհրդանշեց 911-ը, այսինքն՝ օր 9 և 11-րդ ամիս։ Թարսեմ Սինգհը սակայն բացառեց տեսահոլովակի մոտիվները՝ կատարված ողբերգական իրադարձության հետ։

«Ես Նոստրադամոսը չեմ, դա աբսուրդ է։ Տեսահոլովակը որևէ կապ չունի հայ-ադրբեջանական պատերազմի հետ»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան