Ապաստանել ենք Վարդենիսում, որի թիկունքը պիտի լիներ Շահումյանը, չկա Արցախը, ուրեմն վտանգված է Հայաստանը

Ապաստանել ենք Վարդենիսում, որի թիկունքը պիտի լիներ Շահումյանը, չկա Արցախը, ուրեմն վտանգված է Հայաստանը

«Երբ որոշեցի տեղափոխվել Արցախ, այստեղ սկսեցին ինձ խորհուրդ տալ, որ գուցե մի քիչ էլ սպասեմ, հետո ասում էին, թե պատերազմ կարող է լինել, որ մշտական բնակության համար սխալ որոշում եմ կայացրել։ Բայց Արցախում իմ ապրած տարիները լավագույնն էին, գուցե զարմանաք, բայց ես այնտեղ ապրելու ապահովության ու պարտքի զգացում ունեի»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է 2 անգամ գաղթ տեսած լոռեցի Սյուզաննա Բազազյանը։ Տարիներ առաջ արցախցի ամուսնու հետ տեղափոխվել ու մշտական բնակություն են հաստատել Հադրութի հարավային շրջանի Առաջամուղ գյուղում։ Այնտեղ հիմնականում վերաբնակեցված ու զինվորականների ընտանիքներ էին ապրում։ 

«Ես մարդկանց ասում էի՝ «ո՞նց կարելի ա տարբերություն դնել Հայաստանի ու Արցախի մեջ»։ Դա նույնն է, որ ծնողը 2 երեխաների մեջ ընտրություն կատարի։ Այդ զգացողությունն ունեի Արցախում։ Առաջամուղում ամեն ինչ իսկապես հրաշալի էր․ սկսած օդից, կլիմայից, բերքատու հողից ու ապրուստից։ Աշխատանք ունեի, գյուղի գործերն էինք անում ու ապրում։ Ամեն ինչ փոխվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ինձ թվում էր, թե դա ամենադաժան օրն էր ինձ համար, սակայն, 7 ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին, հասկացա, որ ավելի վատ բան մեզ հետ չէր կարող լինել»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Առաջամուղն անցավ թշնամու վերահսկողության տակ, ընտանիքը նորից տեղափոխվեց Հայաստան։ Սյուզաննան ասում է, որ երկար մնալ չկարողանալու պատճառով այս անգամ տեղափոխվել են Մարտակերտի շրջան, իր խոսքով՝ ամենագեղեցիկ գյուղերից մեկը Զագլիկ։ 

«Սարսանգի ջրամբարն էր մեր դիմաց, թիկունքում Մռավի լեռնաշղթան։ Բնությունն աննկարագրելի սիրուն, մարդիկ չափազանց բարի»,- պատմում է նա։

Ամուսինների երեխաները համակերպվել են նոր հասցեում, ընդունվել տեղի դպրոցը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, երեխաները դպրոցում էին։ «Սկզբից մտածեցինք՝ երկինքն է որոտում,  դուրս եկա, պարզ եղանակ էր, ու բոլորս վազեցինք դպրոց։ Մեր հարևանը տան բակում «բլինդաժ» էր կառուցել։ Հենց ուժգնանում էր ռմբակոծությունը, վազում էինք այնտեղ, պատսպարվում, մի քիչ հանդարտվելուց հետո դուրս էինք գալիս հարևաններով աղոթում, սպասում հրաշքի։ Անորոշություն էր։ Այս նկարը ես եմ հավերժացրել, իմ ու հարևանիս երեխաներն են, երբ նոր էինք դուրս եկել ապաստարանից։ Այդ օրը լուրեր տարածվեցին, թե վաղը զինադադար է կնքվելու, թե ի՞նչ գնով, չգիտեինք։ Գիշերը աչք չփակեցինք, իսկ լուսադեմին մեզ տեղեկացրին, որ տարհանվում ենք»,- հիշում է Սյուզաննան։

Նա իր 3 անչափահաս երեխաների հետ մյուս համագյուղացիների պես ձեռնունայն լքել է տունը։ Զագլիկցիներին ևս տարել են ռուսական զորակազմի կենտրոնակայան։

«Այդ ժամանակ ուզում էինք մի քայլ շուտ դուրս գալ դժոխքից։ Միակ ապահով վայրն այդ օրերին ռուսների մոտ էր։ Հազարավոր մարդիկ էին այնտեղ հավաքվել ու սպասում էին կրակի դադարին։ Օդանավակայանի տարածքում, ինչեր ասես, որ չտեսանք, չլսեցինք։ Մեկին որդու զոհվելու լուրն էր հասնում, մեկին ասում էին՝ «վիրավորվել է», մյուսը «շրջափակման մեջ է», մեկից՝ ընդհանրապես լուր չկա։ Երբ աղեկտոր լացի ձայն էինք լսում, ասում էի՝ «մեկի մահն էլ հաստատվեց»։ Մեր գյուղից մի տղամարդ կար, սրտի վիրահատություն էր տարել, ստենդավորված էր։ Տղան օրերով շրջափակման մեջ է եղել, հենց նրան հայտնեցին, որ ողջ-առողջ դուրս է եկել, ուրախությունից սիրտը կանգ է առել։ Այնտեղ էլ հուղարկավորել են»,- արտասվում է Սյուզաննա Բազազյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ օրերին օդանավակայանի տարածքը մեկ խաղաղվում էր, մեկ լցվում մարդկանցով։ Երբ Ստեփանակերտի մատույցներ հասած ադրբեջանցիները կրակում էին, մարդիկ ստիպված նորից բռնում էին Իվանյան տանող ճանապարհը։

«Ի վերջո եկավ գնալու մեր հերթը։ Ավտոբուս կար, բայց վարորդ չկար։ Մի տղամարդ, ում որդին ևս զոհվել էր պատերազմում, հանձն առավ մեզ տարհանելու գործընթացը։ Ասաց, որ ինքն առաջին անգամ է ավտոբուս վարելու, վստահեցնելով, որ գլուխ կհանի։ Մի ռուս զինվորական կարգավորելով երթևեկության կանոնները մեր հերթն առաջ տանելով դուրս եկանք։ Ո՛չ հաց կար, ո՛չ ջուր, ո՛չ հագուստ։ Ասում էի՝ «դժոխքն էլ ո՞նց ա լինում»։ Ճանապարհին բազմաթիվ պատահարների ականատես եղանք, ինչեր ասես, որ չտեսավ մեր ժողովուրդը։  Հասանք Հայաստան ու արդեն 3-րդ անգամ նոր հասցե էինք փնտրում։ Հիմա ապաստանել ենք Վարդենիսում, որի թիկունքը պիտի լիներ Շահումյանի շրջանը։ Առանց Արցախ դատարկություն է։ Չկա Շահումյանի շրջանը, ուրեմն անվտանգ չէ Գեղարքունիքի մարզը։ Չկա Արցախը, ուրեմն վտանգված է Սյունիքը, ամբողջ Հայաստանը»։

Երբ Հայաստանում կնոջը հիշեցնում են, որ ժամանակին ասել էին՝ «մի գնա», ինքն ասում է՝ «հայրենիքը սիրելը մեղք գործել չէ, եթե հետդարձի ճանապարհ լինի, նորից եմ գնալու»։

Հունան Թադևոսյան