Փաշինյանը չի պատրաստվում որևէ պայմանագիր ստորագրել՝ երկրի ներսում պայթյունից խուսափելու համար

Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում որեւէ պայմանագիր ստորագրել, ստորագրելու դեպքում երկրի ներսում պայթյուն տեղի կունենա, իսկ ինքը դիմակայելու այդքան ռեսուրս չունի․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրումից։
Մինչեւ 2022թ․-ի վերջ խոստացված պայմանագրի հավանական ստորագրումը մինչեւ օրս իրատեսական չի դառնում։ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց․
«Ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ, կռահում եմ, առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի. ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև «Խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի ու դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»։
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ պայմանագիր ստորագրելու դեպքում այն պետք է վավերացվի խորհրդարանում, ինչը նշանակելու է հրաժարում Արցախից վերջնականապես։
«Խոսք է գնում նաեւ այլ տարածքային զիջումների մասին՝ ՀՀ-ի տարածքում գտնվող այսպես կոչված անկլավների, ինչպես նաեւ միջանցքի։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե նման մի բան ստորագրի, ապա իր իշխանության մնալը ժամերի հարց կլինի։ Երկրի ներսում պայթյուն տեղի կունենա, իսկ ինքը այդքան ռեսուրս չունի դիմակայելու։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մոտակա երկու տարին, եթե կարողանա ժամանակ ձգել, աշխարհում շատ բան կփոխվի, նրա խոսքով՝ այս երկու տարին դիմանալ է պետք»,-ասաց քաղաքագետը։
«Խաղաղության պայմանագրի» կնքման բանակցություններին զուգահեռ Հայաստանի սահմանին զոհեր ենք ունենում։ Համաձայնագիրը, որ պատրաստվում են ստորագրել Փաշինյանն ու Ալիեւը, ենթադրում է, որ լինելու է երկկողմ, համենայնդեպս ադրբեջանական կողմի պահանջն այդպիսինն է։ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ «խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ, որ խաղաղություն է լինելու»։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը Ադրբեջանի հետ հավասար կողմ հնարավոր չէ դիտարկել եւ սա այս կառավարության վերջին տարիների գործունեության արդյունքն է։ Դանիելյանն ասում է՝ ամբողջ խնդիրը պայմանագրին միջազգային երանգ տալն է, որ նաեւ լինեն երաշխավորներ։
«Ադրբեջանը ցանկանում է, որ այն երկկողմ լինի առանց երաշխավորների եւ երաշխիքների, որ հետագայում անգամ պայմանգիրը կնքելուց հետո փորձի կրկին զիջումներ կորզել Հայաստանից եւ այն դարձնի անվերջ գործընթաց»,-հավելեց մեր զրուցակիցը։
Լիա Սարգսյան