Փաշինյանը ցանկանում է ձևավորել միաբևեռ իշխանություն

Փաշինյանը ցանկանում է ձևավորել միաբևեռ իշխանություն

Պետք է չխանգարենք ընդդիմությանը, որ մինչև քոք մաշվեն: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արտաքին և ներքին ճակատներում տապալված ՔՊ-ական իշխանությունները ցանկանում են երկրի ներսում չունենալ ընդդիմություն, որպեսզի շարունակեն նեղ թիմով հարստանալու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու քաղաքականությունը: Մինչև քոք ընդդիմությանը մաշեցնելու իր ցանկության մեջ Փաշինյանն անկեղծ է՝ նա չի ցանկանում լսել երկրում ստեղծված աղետալի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, անվտանգային վիճակի մասին՝ նրան անհրաժեշտ է ունենալ հնազանդ ԱԺ՝ իր ելույթներին ծափահարող ՔՊ-ական խմբակով:

Ընդդիմության անհնազանդության ակցիաների նպատակը՝ Փաշինյանին և նրա թիմին ցուցադրել է, որ ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում ապրել Թուրքիայի կցորդ Հայաստանում և Սյունիք մեկնել ադրբեջանական զորքերի թույլտվությամբ:

Ժողովրդավարական արժեքների մասին ամենուր հայտարարող ՔՊ-ականները ՀՀ քաղաքացիների ակցիաներին դիմագրավում են հազարավոր ոստիկանների միջոցով՝ բանակը հզորացնելու և ՀՀ քաղաքացիների սոցիալական աղետալի վիճակը բարելավելու փոխարեն՝ բարձրացնելով իրենց իշխանությունը պահող ոստիկանների աշխատավարձն ու Փաշինյանի աթոռը պաշտպանելու համար տրամադրելով բազմամիլիոնանոց պարգևավճարներ:

Բռնապետությունից Հայաստանը կարող է փրկել միայն առողջ ընդդիմությունը, որը չի դառնալու թուրք-ադրբեջանական լոբբիստը Երևանում և պայքարելու է ազգային արժեքների, պետականության, Արցախի ապագայի համար: Ընդդիմության վարկանիշի բարձրացումն ու դիմադրության չմարող շարժումը սարսափեցնում է զրոյական ռեյտինգ ունեցող և հազարավոր ֆեյքերի հույսին մնացած ՔՊ-ական խմբակին:

Վահրամ Բագրատյան