Կոռուպցիոն սկանդալ՝ Արտաշատում, 11 հոգի ձերբակալվել է. մանրամասներ

Կոռուպցիոն սկանդալ՝ Արտաշատում, 11 հոգի ձերբակալվել է. մանրամասներ

MediaHub-ը երեկ գրել էր, որ Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում։ Գրել էինք նաև, որ խոսքը վերաբերում է ասֆալտապատման տենդերների հետ կապված կոռուպցիոն գործարքներին։ 

Մեր տեղեկություններով՝ երեկ այդ գործով 11 հոգի ձերբակալվել է, հիմնականում դրսի մարդիկ։ Ձերբակալվածների մեջ է նաև համայնքապետի օգնականը։

«Լայնածավալ քննչական գործողություններ են տեղի ունենում, 11-12 բանանի արկղ փաստաթուղթ է առգրավվել։ Միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, բավականին ակտիվ գործողություններ են իրականացվում։ Էնքան մեծ գործ է, որ Փաշինյանն անձամբ է հետևում ընթացքին»,- ներկայացրեց մեր աղբյուրը։

Նշենք, որ Արտաշատում ասֆալտապատման աշխատանքների տենդերը շահել է «Հուսալի շինարար» ընկերությունը, որի տնօրենը Վալերիկ Առաքելյանն է։ Նրա մասին բաց աղբյուրներում գրեթե տեղեկություն չկա։ 

MediaHub-ը հաջորդիվ կներկայացնի, թե ինչ կոռուպցիոն սխեմաների մասին է խոսքը։

Նարե Գնունի