«Ո՛չ վախեցող կա, ո՛չ էլ գործը դադարեցնող»․ թշնամու կրակից հետո Բերդաշենում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները

«Ո՛չ վախեցող կա, ո՛չ էլ գործը դադարեցնող»․ թշնամու կրակից հետո Բերդաշենում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները

ԱՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

MediaHub-ի հետ զրույցում  Բերդաշենի համայնքապետ Ժորիկ Պողոսյանը նշեց, որ իրենք իրենց աշխատանքները շարունակում են և ադրբեջանական սադրանքները որևէ կերպ իրենց խանգարել չեն կարող։

«Դաշտերի ուղղությամբ են կրակել, նույն իրավիճակն է, փոփոխություն չկա, բայց մենք հո՞ չենք վախենալու։ Իրենք փորձում են վախեցնել, բայց ո՛չ վախեցող կա, ո՛չ էլ գործը դադարեցնող, մեկ է՝ մենք մեր գործը պիտի անենք։ Կրակահերթի տակ չեն պահում, հիմա խաղաղ է, բայց իրենք առաջնորդվում են իրենց բորենու սկզբունքով»,-ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ թշնամու սադրանքները սովորական են դարձել, գյուղի ուղղությամբ չեն կրակել և հակառակորդի նպատակն այն է, որ խանգարի գյուղատնտեսական աշխատանքներին։

«Մենք համակերպվել ենք այս ամենի հետ, գիտենք, որ նույն թուրքն է ու իրենց գործողություններից ընկճվելու իրավունք չունենք, խուճապի պիտի չմատնվենք, մենք մեր կյանքն ենք շարունակում»,-շեշտեց Պողոսյանը։

Լիաննա Թորոսյան