Միասնությունը չի կայանա․ մեղավորն՝ իշխանությունն է

Միասնությունը չի կայանա․ մեղավորն՝ իշխանությունն է

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատրյանն իր լիազորությունները կստանձնի մարտի 13-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում։ 

ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Նախատեսվում է մի քանի հարյուր հոգանոց միջոցառում։

ԱԺ հատուկ նիստին հրավիրված են նաև ՀՀ և ԼՂՀ բոլոր նախկին նախագահները։
Երանելի վիճակ կլիներ, եթե նախագահի երդմնակալության արարողությունը դառնար ազգային միասնության, կոնսոլիդացիայի առիթ։ Մյուս կողմից, այդ միասնությունն օդից չի գալիս, նա պետք է կայանա ինստիտուցիոնալ հարթության վրա։ Եթե նման վիճակ չկա, անկարելի է պատկերացնել, որ առանձին վերցրած մեկ միջոցառում՝ նախագահի ինագուրացիան, կարող է միասնության ակտ դառնալ։

Եթե «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները բոյկոտում են նախագահի ընտրությունները, անիմաստ է ակնկալել, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մասնակցելու են Վահագն Խաչատրյանի ինագուրացիային։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի գրասենյակն արդեն պաշտոնապես ծանուցել է, որ երրորդ նախագահը չի մասնակցելու այդ միջոցառմանը։

Կասկածից վեր է, որ նմանաբնույթ հայտարարություններ տարածելու են նաև առաջին և երկրորդ նախագահների գրասենյակները։ Հայտնի է, օրինակ, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչպիսի կարծիք ունի ՀԱԿ-ը լքած ու Նիկոլ Փաշինյանի «գրկում» հայտնված գործիչների վերաբերյալ։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը սերտ քաղաքական կապեր ունեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հետ ու նրանց դիրքորոշումները կարելի է կանխատեսել՝ գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ։

Անտագոնիստական համակարգերում ազգային միասնություն չի լինում։ Իսկ անտագոնիզմի հաստատման հարցում «անուրանալի ծառայություն» ունի Փաշինյանի իշխանությունը, որն իր «կենսունակությունը» փնտրում է հասարակությանը բարիկադավորելու, պառակտելու, երկրի ներսում «խրամատներ» գծելու մեջ։

Փաշինյանը մենակ է մնալու նաև Խաչատրյանի ինագուրացիայի ժամանակ ու դրա համար պետք է մեղադրի միայն իրեն։

Վահրամ  Բագրատյան