ԵՄ դիտորդների «ճանապարհը»

ԵՄ դիտորդների «ճանապարհը»

«ԵՄ դիտորդները Ոսկեպար են գնում Վանաձորով, քանի որ Իջևանով գնացող ճանապարհը համարում են Ադրբեջան»,- ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ով իր համակիրների հետ տևական ժամանակ գտնվում է Ոսկեպարում:

Այս ինֆորմացիայի ճշգրտության առումով կասկած չունենք, ըստ այդմ՝ մի քանի նկատառում հայտնենք:

ԵՄ դիտորդական առաքելությունը գործում է Հայաստանի տարածքում, հետևաբար՝ առնվազն լոգիստիկ խնդիրները համաձայնեցնում է Հայաստանի կառավարության հետ:

Հետևությունը միանշանակ է՝ Ադրբեջանի պահանջած չորս տարածքները հանձնվելու են ամենամոտ ապագայում, ըստ այդմ՝ ԵՄ առաքելությունը գծել է իր նոր «ճանապարհը»:

Մյուս կողմից, ԵՄ առաքելությունը չի կարող գործել եվրոպական ազդեցիկ կառույցի քաղաքական դիրքորոշումներից առանձին ու պետք է ենթադրել, որ արևմտյան կառույցներում միանգամայն լեգիտիմ են համարում Բաքվի ուլտիմատիվ պահանջը, եթե նույնիսկ դա Հայաստանին պարտադրվող միակողմանի պահանջ է:

Այս արձանագրումը հատուկ անում եմ «հույսի վաճառականների» համար, ովքեր անդադար պնդում են, որ Արևմուտքը «կոշտ ճնշում» է գործադրում Ադրբեջանի նկատմամբ՝ «փրկության լույս» դառնալով Հայաստանի համար:

Իրականությունը միանգամայն այլ է. Փաշինյանի իշխանությունը մերժել է կարգավորման ռուսական պլանը, չի ստացել արևմտյանը, ինչի հետևանքով մենակ է մնացել Բաքվի ագրեսիվ օրակարգի հետ, որի նկատմամբ չկա ոչ մի լուրջ հակազդեցություն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից:

Վահրամ Բագրատյան