Պետության գլխատման ճանապարհով են գնում․ Մետաքսե Հակոբյանը՝ Արցախում քաղաքական ինտրիգների մասին

Մեզ համար էլ էր անակնկալ Արթուր Թովմասյանի հայտարարությունը, մեր օրակարգում այլ հարցեր էին և այն, ինչ արեց նա, մեզ համար սպասելի չէր։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետքասե Հակոբյանը՝ խոսելով երեկ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարության մասին։
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը երեկ հայտարարությամբ է հանդես եկել խորհրդարանի նիստի ժամանակ՝ նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկելով Պաշտպանության պետական կոմիտե ստեղծել: Այդ կառույցում Թովմասյանը կոչ է անում ընդգրկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին: Բացի այս, առաջարկել է նախագահին հրաժարական տալ.
«Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն»,-ասել էր նա։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ տեղի ունեցածը իշխանության հերթական խաղն է։
«Բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ ԱԺ նախագահը Արայիկ Հարությունյանի հրաժարականն է պահանջում, այդպես չէ: Իրականում, այստեղ քաղաքական մանևրումներ տեղի ունեցան, որը շատ նման է 2021 թվականին Հայաստանում տիրող քաղաքական պատկերին, երբ հայաստանյան իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ իրենք լեգիտիմ են։ Հիմա նույն սկզբունքով փորձում են գործել արցախյան իշխանությունները։ Արցախի իշխանությունների նկատմամբ բացարձակ վստահություն չկա, և այս իրավիճակում երկու տրամաբանությամբ ենք առաջնորդվում․ առաջինն այն է, որ այս իշխանությունը պայքարում է սեփական անձի փրկության համար, և տեղի ունեցող բոլոր գործողությունների շղթան այս ամենի մեջ շատ հանգիստ տեղավորվում է և օրինաչափ է։ Մյուս տարբերակն այն է, որ պետք է մտածել հայրենիքի փրկության մասին և, բնականաբար, այս դիտանկյունից շատ անբարո է տեղի ունեցողը, քանի որ բրյուսելյան հանդիպումից ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հանրահավաք իրականացնելը իրականությունից դուրս երևույթ էր։ Երեկ կրկին ներքին ինտրիգներ զարգացան»,-ասաց նա։
Հակոբյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է, պարզապես նպատակ է հետապնդում խուսափել պատասխանատվությունից և այլ մեղավորներ գտնել։ Անկախ ամեն ինչից, ըստ Հակոբյանի, Արցախում կան սառը դատող քաղաքացիներ, քաղաքական ուժեր, որոնք պայքարում են ստեղծված իրավիճակի դեմ, սակայն նույն ժամանակ, իշխանությունն այնպես է անում, որ իրենք ևս հայտնվեն այդ օրակարգում։
«Արթուր Թովմասյանը նախագահի հրաժարականը չի պահանջում, այլ քաղաքական խժդժություն է մտցնում, որի պատասխանատվությունը, կարծում եմ, չեն գիտակցում: Պետության գլխատման ճանապարհով են գնում, որովհետև իշխանություններն արդեն ցույց են տալիս, որ երկիրը չունի պետական կառավարման համակարգ, չունի ռազմավարություն և այսպես, հրշեջի տրամաբանությամբ հրդեհներ են սկսել մարել, որոնք իրենց շուրջ են։ Այս ամենն ինչ-որ տեղ կընկալվեր, եթե երկրի գլխին սպառնալիք կախված չլիներ։ Հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ընդդիմությունը պետականամետ է, իսկ իշխանությունը ոչ մի գործողության մաս չէ»,-ընդգծեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը հիշեցրեց, որ բազմաթիվ հարմար իրավիճակներ են եղել իշխանությունն անցնցում լքելու, բայց Արայիկ Հարությունյանն էր ասում, որ այս իրավիճակում չեն կարող ընտրություններ իրականացնել, և հիմա իշխանության որոշ անդամներ այս հարցն են առաջ քաշում.
«Ուզում ենք հասկանալ, թե որտեղից է ուղորդվում այս ամենը»,- հավելեց արցախցի պատգամավորը։
Լիաննա Թորոսյան