Արդյո՞ւնք, թե՞ նահանջ... 

Արդյո՞ւնք, թե՞ նահանջ... 

Ընդդեմ ոստիկանական բռնությունների արդեն երկրորդ անգամ գործադուլ հայտարարած փաստաբաններին երեկ ընդունել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Փաստաբաններն ավելի քան կես ժամ տևած հանդիպումից հետո որոշել են հուշագիր ստորագել։

Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասնել է, որ հուշագրով կստեղծվի ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ արձագանքելու ոստիկանների բռնություններին։

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում փաստաբաններն առնվազն երկու անգամ բռնության են ենթարկվել ոստիկանական բաժիններում, ինչի հետևանքով պահանջում էին ոստիկանության պետի հրաժարականը:

Արդյո՞ք ՆԳՆ-ի և Փաստաբանների երեկվա պալատի համաձայնությունը կարելի է համարել փաստաբանների պայքարի արդյունք: Թերևս, եթե ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծման հետևանքով հնարավոր լինի պատժել արդեն իսկ բռնություն գործադրած ոստիկաններին ու կանխել նոր բռնությունները:

Մյուս կողմից, ինքնին հասկանալի է, որ ոստիկանությունը շատ դեպքերում ոչ թե, այսպես ասած, ինքնաբուխ է գործում, այլ մահակ է դառնում իշխանության ձեռքին: Իսկ իշխանությանը, գլոբալ առումով, պետք են հնազանդ փաստաբաններ՝ կառավարելի դատական համակարգ ունենալու համար:

Ըստ այդմ, ՆԳՆ-ի ու Փաստաբանների համաձայնություններն, իհարկե, լոկալ դրական ազդեցություն կունենան, սակայն դրանց ամրությունը պայմանավորված է ավելի շատ իշխանության քաղաքական որակից:

Վահրամ Բագրատյան