Այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը դիմադրությունն ու միասնական պայքարն է․ Թադևոս Ավետիսյան

«Թշնամին հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման իր ծրագիրը, խախտված են եռակողմ բոլոր պայմանավորվածությունները: Արդեն շուրջ կես տարի փակված է Բերձորի միջանցքը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման մեջ է հայտնվել Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությունը։ Արցախի տնտեսությունը կրել է շուրջ 150 միլիարդ դրամի վնաս»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորն ընդգծում է, որ ամեն օր խորանում են խնդիրները տարբեր ոլորտներում։
«Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակն ակնհայտ է՝ Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել պետական կառավարման համակարգը, անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, այսինքն` նյութական արժեքներ ստեղծելու կայուն հիմքերին, ստեղծել հումանիտար աղետ իր բոլոր անմարդկային դրսևորումներով և վերջապես այս ճանապարհով հայաթափել Արցախը»,-նշեց պատգամավորը։
Ընդդիմադիրը հայտարարեց, որ գործող իշխանությունը հակասում է իր նախընտրական խոստումներին և ծրագրերին։ Ասում է, որ հայրենադավ ծրագիրը կասեցնելու համար պետք է դեմ գնալ այս իշխանությանը, որ Արցախը մնա հայկական։