Չվերթների ուշացումներ կամ չեղարկումներ կա՞ն․ ի՞նչ վիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում

Ձյան պատճառով Երևան քաղաքում ու ամբողջ ՀՀ տարածքում երեկ ուղղակի կոլապս էր․ ավագ սերնդի մարդիկ, որոնք տեսել են 90-ականների ցուրտ ձմեռները, զարմանում են՝ այս ի՜նչ վիճակ է, կարծես երբեք ձյուն չի եկել Հայաստանում, ինչո՞ւ էր նման խուճապ ու անկառավարելի վիճակ:
Հիշեցնենք, ավտոբուսի վարորդները երեկ հրաժարվում էին վարել, ամբողջ քաղաքում և ՀՀ տարածքում ճանապարհները սառած էին և ձնից չէին մաքրվում մինչև ուշ գիշեր, թեև առավոտյան էլ տեսանելի էր, որ այն չնչին աշխատանքները, որոնք իբրև արվել են գիշերը, շատ վատ էին արված, չնայած իշխանությունները հակառակն էին փորձում համոզել։
Իսկ ի՞նչ վիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում, արդյո՞ք ինքնաթիռները նորմալ վայրէջք են կատարել գիշերը և կատարում հիմա, թռիչքները իրականացվում են բնականո՞ն, թե՞ կան ուշացումներ․ MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ քաղավիացիայի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ ամենը նորմալ է։
«Չեղարկում, ուշացում չկա, ամենը նորմալ է, օդը փակ չէ, նորմալ թռնում են։ Մի քանի չվերթի ուշացում եղել է գիշերը, բայց այժմ ամենը նորմալ է»,– ասացին ՀՀ քաղավիացիայից։
Ուշագրավն այն է, որ համաձայն «Զվարթնոց»-ի չվացուցակի` այս պահի դրությամբ դեպի Կապան ներքին թռիչքն է չեղարկվել, ժամը 15.40-ի դեպի Մոսկվա թռիչքը նույնպես չեղարկված է, իսկ 12.20 և 12.35 դեպի Աբու Դաբի և Դուբայ թռիչքները Երևանից ուշացում են տալիս, և պարզ չէ, թե որ ժամին թռիչքը կիրականացվի:
Ժամանումների մասով ևս կան և՛ չեղարկումներ՝ Կապանն ու Մոսկվան, և՛ ուշացումներ՝ Թեհրանից ու Մոսկվայից:
Մարիաննա Արամյան