Հայաստանի փակուղին․ մեր փոխարեն՝ արդեն որոշել են

Հայաստանի փակուղին․ մեր փոխարեն՝ արդեն որոշել են

Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽ-ին։

Սա «Սառը պատերազմ-2»-ի հերթական դրսևորումն է։

«Երկաթյա վարագույրը» սահուն դառնում է իրականություն ու հստակեցվում է նաև Հայաստանի տեղն այդ «վարագույրի» կողմերից մեկում։

Մոսկվայի երեկվա որոշումն էական ազդեցություն է ունենալու Հայաստանի, նրա արտաքին քաղաքականության, ներքին ռեֆորմացիայի համար։

Էապես սահմանափակվելու է Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը։
Ռուսաստան- կոլեկտիվ Արևմուտք կոշտ հակադրությունը Հայաստանի տիպի փոքր երկրներին դնում է երկընտրանքի առջև՝ նվազեցնելով բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելու ռեսուրսները։ Պատահական չէ, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ֆրանսիական «անշառ» այցը կոշտ քննադատության արժանացավ ռուսական փորձագիտական որոշակի շրջանակներում։ Թերևս, դա էր պատճառը, որ Փարիզից վերադառնալուց անմիջապես հետո, Փաշինյանը կառավարության նիստում շտապեց անոնսավորել իր մոսկովյան այցի մասին, որը տեղի է ունենալու ապրիլի սկզբին։

ԵԽ-ից հեռանալու Ռուսաստանի որոշումն, իհարկե, չի ենթադրում, որ նույն ճանապարհով գնալու է նաև Հայաստանը, բայց ակնհայտորեն թուլանալու է մեր երկրի ու եվրոպական երկրների ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակը։

Սա ունենալու է հետևանք Հայաստանի ոչ միայն արտաքին քաղաքականության վրա, այլ նաև ներքին հարաբերություններում։

Հայաստանի ներքին ռեֆորմացիան դանդաղելու է:

Սա ահազանգ է մեր հասարակության, նրա ակտիվ քաղաքացիական սեգմենտների համար, որոնք արդեն իսկ զգում են «հեղափոխական ավտորիտարիզմի» հետևանքները։

Վահրամ Բագրատյան