Պատերազմի անոնսը տվել է հենց Փաշինյանը, երբ հայտարարեց «Արցախը Հայաստան է և վերջ»․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հրապարակ նետել կեղծիքի և անամոթ հայտարարությունների մեծ չափաբաժին։ Նա իր ոճին և քաղաքական բովանդակությանը համապատասխան հերթական անգամ ստում է` փորձելով իր վրայից մեղքն ու պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմը 2016-ի շարունակությունն էր, իսկ 2018-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին անոնս արել էր։
«2020 թվականի պատերազմի անոնսը տվել է հենց Փաշինյանը, երբ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում, Արցախի խնդիրն ինքնորոշման իրավունքի խնդրի ներքո դարձնելով տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հայտարարեց. «Հայաստանը Արցախ է, և վերջ»։ Դրանով նա առաջացրեց Մինսկի խմբի համանախագահ երկրների տարակուսանքն ու վրդովմունքը` Ալիևի համար կանաչ լույս վառելով լեգիտիմ պատերազմ սկսելու համար»,– ասաց Շարմազանովը։
Նրա կարծիքով` Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը և վարչապետ դառնալու երկրորդ օրը Ստեփանակերտում վերջնագիր ներկայացրեց Մինսկի խմբի համանախագաներին` նշելով, որ պետք է ձևաչափը փոխվի։