4 նշան, որոնք վկայում են արյան վատ շրջանառության մասին

4 նշան, որոնք վկայում են արյան վատ շրջանառության մասին

Արյան շրջանառությունն ապահովում է օրգանիզմի կենսագործունեությունը։ Դրա շնորհիվ օրգանները, մկաններն ու ոսկորները ստանում են անհրաժեշտ սնուցում։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ արյան շրջանառության խանգարման դեպքում օրգանիզմին կարող է լուրջ վտանգ սպառնալ։ Արյան շրջանառությունը խանգարվում է աստիճանաբար, այդ պրոցեսն ուղեկցվում է նշաններով, որոնք հնարավոր է ժամանակին նկատել և կանխարգելել բարդությունների առաջացումը։

Ծակոցի զգացում ոտքերում և ձեռքերում։ Այս զգացումը հիմնականում առաջանում է երկար ժամանակ նույն դիրքում մնալու հետևանքով։ Սովորաբար ծակոցներ զգացվում են ոտքերում, սակայն վերջին ժամանակներում դրանք նկատվում են նաև ձեռքերում, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է բջջային հեռախոսների օգտագործմամբ։ Շարժվելը կօգնի լավացնել արյան շրջանառությունը, անշարժ դիրքում մնալը՝ հակառակը։

Հարկավոր է օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե քայլել։ Ֆիզիկական ակտիվությունը ստիպում է մկաններին լարվել, ինչն ակտիվացնում է նյութափոխանակությունը։

Ոտքերի այտուցվածություն։ Այս կերպ օրգանիզմը փորձում է վերականգնել հավասարակշռությունը, տեղի է ունենում հեղուկի կուտակում։  Արդյունքում՝ առաջանում է բորբոքում, ցավ, ոտքերի թմրածություն։ Այս նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։ Որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա օրգանիզմից, շատ ջուր խմեք։

Հոգնածություն։ Արյունն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սննդարար նյութերով, որոնց մեծ մասը վերածվում է էներգիայի։ Եթե մարմնի որոշ մասերին քիչ արյուն է հասնում, այն չի կարողանում էներգիան ծախսել նորմալ ռեժիմով, և մարդը հոգնածություն է զգում նույնիսկ փոքր ծանրաբեռնվածության դեպքում։ Մկանները չեն կարողանում հաղթահարել լարվածությունը, աշխատում են արագացված ռեժիմով, հյուծվածությունը մեծանում է։ Արդյունքում՝ մարդն անընդհատ հոգնածություն է զգում, ինչը սահմանափակում է նրա ակտիվությունը։

Մազաթափություն։ Ալոպեցիան միայն տղամարդկանց շրջանում չի հանդիպում։ Իհարկե, կանանց շրջանում այս խնդիրը հազվադեպ է նկատվում, սակայն արյան վատ շրջանառության հետևանքով կանանց մազերը ևս կարող են թափվել։ Մազերի ամրության համար սննդարար նյութեր են հարկավոր, իսկ եթե արյան շրջանառությունը վատանում է, վատանում է նաև դրանց վիճակը։ Այդ դեպքում մազերը չորանում են, իսկ դրանց ծայրերը՝ կոտրվում։