ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը չի կարող կիրառվել Վանաձորում.Արսեն Բաբայան

Իշխանությունը ՏԻՄ մասին օրենքի վերջին փոփոխության համար, իբրև հիմնավորումներ նշել է, թե Վանաձոր համայնքի ղեկավար չունենալու պատճառով անհնար է դարձել պայմանագրերի կնքումը աղբահանության և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ և, որպեսզի հնարավոր լինի կնքել այդ պայմանագրերն ու վճարել դրանց համար, իբր անհրաժեշտ է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, ինչն էլ իրենք պատրաստվում են անել:Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Արդեն երկու ծավալուն հրապարակմամբ մանրամասն հիմնավորել եմ, թե ինչու այդ օրենքի փոփոխությունը չի կարող կիրառվել Վանաձորի դեպքում:
Այժմ կխոսեմ պայմանագրերի կնքման ու դրանց համար վճարման անհնարինության մասին:
Ըստ օրենքի Համայնքի բյուջեն հաստատում է Ավագանին, իսկ ընթացիկ տարվա բյուջեն Ավագանու կողմից հաստատված չլինելու դեպքում տվյալ տարվա համար հաստատված է համարվում նույն համայնքի նախորդ տարվա բյուջեն: Սրա տրամաբանության հիմքում ընկած է այն արդարացի մոտեցումը, որ նույն համայնքն է, նույն եկամուտներով և նույն ծախսերով, ուստի հնարավոր է որպես ծայրահեղ միջոց կիրառել նախորդ փորձը:
Օրենքի այս պահանջից ելնելով Վանաձորի համար ընթացիկ տարվա բյուջեն չի կարող նախորդ տարվա համամասնությամբ հաստատված համարվել, քանի որ նախորդ տարում Վանաձոր խոշորացված համայնք գոյություն չի ունեցել: Վանաձորում նախորդ տարի կատարվել է համայնքի խոշորացում, միացվել են այլ համայնքներ և այդպիսով ստեղծվել է լրիվ նոր խոշորացված համայնք, որն էլ, բնականաբար, ենթադրում է նոր եկամուտներ և նոր ծախսեր: Բացի այն, որ փաստացի ծախսերն ու եկամուտները չեն կարող նույնական լինել, նաև իրավաբանորեն գործ ունենք միանգամայն նոր համայնքի հետ, որը չունի նախորդ բյուջե և ով կփորձի Վանաձոր խոշորացված համայնքի առկա բյուջեից ծախսեր կատարել՝ կկատարի հանցագործություն»: