Կեղծված ընտրություններ, կոռուպցիոն ռիսկեր

Կեղծված ընտրություններ, կոռուպցիոն ռիսկեր

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսական հաշվետվության պատմությունը հասել է իրավապահներին, քրեական գործեր են հարուցվել։

Աուդիտի արդյունքում պարզվել էր, որ իշխող ուժի նվիրատուներից հինգը օրենքով նախատեսվածից երկու անգամ ավելի գումար են փոխանցել։ Օրենքով անանուն նվիրատվություններն արգելված են, աուդիտով պարզվել էր՝ ՔՊ-ին անանուն նվիրատուից երկու միլիոնից ավելի գումար էր փոխանցվել, որը «Կուսակցությունների մասին» օրենքով ՔՊ-ն պետք է պետբյուջե փոխանցեր, բայց դարձյալ չէին արել։ 11 միլիոնից ավելի գումար կանխիկացրել էին, ինչն օրենքով արգելված է։

Պարզվել էր՝ 2022-ին ՔՊ-ն ստացել է 207.2 միլիոն դրամի նվիրատվություն, բայց ֆինանսական հաշվետվությունում ներկայացրել է ավելի քան 35 միլիոն դրամով պակաս գումար։

Այդպիսով, ողջ օրը «նախկինների» կոռումպացվածության մասին խոսող իշխանություններն անգամ սեփական կուսակցության ֆինանսները տնօրինում են կամայական: Ի՞նչ երաշխիք կա, որ Հայաստանում տեղի չի ունենում կոռուպցիոն բուրգի վերակենդանացում, մանավանդ, որ երկրում տեղի չեն ունեցել ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Նիկոլ Փաշինյանը նաև ամբողջ օրը հայտարարում է, որ օրինական ընտրություններն իրենց իշխանության բրենդն է: Սա էլ անշրջելի գործընթաց չէ, և չկա որևէ երաշխիք, որ վարկանիշի գահավիժում ապրող Փաշինյանը չի կեղծելու առաջիկա ընտրությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու համար:

Վահրամ Բագրատյան