«007» գործակալը վերադառնում է. հայտնի է երբ կհայտնվի էկրաններին Ջեյմս Բոնդի մասին պատմող հաջորդ ֆիլմը

«007» գործակալը վերադառնում է. հայտնի է երբ կհայտնվի էկրաններին Ջեյմս Բոնդի մասին պատմող հաջորդ ֆիլմը

«Բոնդիանայի» պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին հայտնել է, որ «007» գործակալի մասին հաջորդ ֆիլմի նկարահանումները կսկսվեն երկու տարուց ոչ շուտ՝ Ջեյմս Բոնդի կերպարի «վերաիմաստավորման» պատճառով. հայտնում է Deadline-ը։

«Դեռ սցենար չկա։ Մենք չենք շտապում ու մտածում ենք, թե որ ուղղությամբ գնանք։ Մենք վերստեղծում ենք Բոնդի կերպարը, իսկ դա ժամանակ է պահանջում: Ենթադրում եմ, որ մինչև նկարահանումների մեկնարկը մնացել է առնվազն երկու տարի», - ասել է Բրոկոլին։

2022 թվականի մայիսի սկզբին Բրոկոլին հայտարարել էր, որ 007 գործակալի դերի թեկնածուների թվում դիտարկվում է 24-ամյա դերասան Ջեյքոբ Էլորդին, որը հայտնի է «Էյֆորիա» հեռուստասերիալից։ Հունվարի վերջին Deadline-ի աղբյուրները նշել էին, որ պրոդյուսերները ֆիլմաշարի աշխատանքներում կարող են ներգրավել բրիտանացի դերասան Իդրիս Էլբային:

«No Time To Die» ֆիլմը թողարկվել է 2021 թվականին, որը Դենիել Քրեյգի հինգերորդ և վերջին ֆիլմն է շարքում (և 25-րդը Բոնդի համար)։ Ջեյմս Բոնդի դերում բրիտանացի դերասանն իր դեբյուտը կատարել է դեռ 2006 թվականին՝ «Casino Royale» ֆիլմում։