Խոշոր հրդեհ՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ում գործող «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում (լուսանկարներ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 20-ին, Երևանում «Շամպայն գինիների գործարան»-ի տարածքում գտնվող «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում առաջացած հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 15:30-ի սահմաններում «Շամպայն գինիների գործարան»-ի անվտանգության աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գործարանի տարածքում գործող «Ֆրի Էներջի» արևային պանելների պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 500 ք. մ. տարածք և ներսում պահվող արևային պանելները:
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ընկերությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս:
Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։