Ո՞ր դեպքերում է ծիրանը վնասակար առողջության համար և ինչ խնդիրներ այն կարող է առաջացնել

Մասնագետները նշել են՝ որ դեպքերում է խորհուրդ տրվում խուսափել ծիրանից:
Չի կարելի ուտել դատարկ ստամոքսին
Դատարկ ստամոքսին ծիրան ուտելու դեպքում դրանում պարունակվող մրգային թթուները կարող են գրգռել ստամոքսը, իսկ շաքարը կնպաստի ինսուլինի մակարդակի կտրուկ աճին, որից հետո այն նույնքան կտրուկ կնվազի: Այս ամենը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մի շարք օրգանների աշխատանքի վրա:
Չի կարելի ուտել վահանագեղձի հիվանդությունների դեպքում
Մասնագետների խոսքով՝ ծիրանից հարկավոր է խուսափել նաև վահանագեղձի գործառույթների վատացման դեպքում: Բանն այն է, որ այս միրգի մեջ պարունակվող կարոտինն այս խանգարման դեպքում չի յուրացվում և օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ վիտամին A: Բացի այդ, այն հակացուցված է նաև ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:
Չի կարելի ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում
Ծիրանը կարող է շատ վտանգավոր լինել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Թարմ պտուղները կարող են վնասակար լինել բարձր թթվայնությամբ սուր գաստրիտի և ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում:
Չի կարելի ուտել լյարդի հիվանդությունների դեպքում
Այս միրգը չի կարելի չարաշահել նաև լյարդի հիվանդությունների դեպքում: Ընդ որում, այն հատկապես վնասակար է հեպատիտի ժամանակ:
Հարկավոր է զգույշ լինել կորիզների միջուկն ուտելիս
Ծիրանի կորիզի դառը միջուկը կարող է լուրջ թունավորման պատճառ դառնալ: Բանն այն է, որ երբեմն դրանում պարունակվում է գլիկոզիդ ամիգդալին, որը տարրալուծվում է աղիներում՝ առաջացնելով շատ վտանգավոր տոքսին՝ ցիանական թթու: Եթե կորիզների միջուկը քաղցր է, ապա այն կարելի է ուտել առանց անհանգստանալու։