Ես ոչ մի տեղ չեմ գնում․ ինձ հետ ոչինչ չեն քննարկել․ Գուրգեն Ներսիսյան

Ես ոչ մի տեղ չեմ գնում․ ինձ հետ ոչինչ չեն քննարկել․ Գուրգեն Ներսիսյան

Տևական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում են լուրեր, թե Արցախը շուտով նոր պետնախարար կունենա, երրորդը՝ շրջափակման ընթացքում։ 

Նոր պետնախարարը, հավանաբար, Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն է լինելու։ Երեկ էլ հանրահավաք անցկացրեց, պահանջները ներկայացրեց, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանը 10 օրից կպատասխանի, թե ինչ է որոշել։

Ընդգծենք, որ մամուլն այսօր գրել էր, թե ամեն դեպքում, նախագահը Բաբայանին պետնախարար կնշանակի, իսկ ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանին կվերադարձնի հին՝ գլխավոր դատախազի պաշտոնին։

MediaHub-ը զրուցեց Գուրգեն Ներսիսյանի հետ, որը հերքեց քննարկվող լուրերը։

«Ես ոչ մի տեղ չեմ գնում, կատարում եմ պետական նախարարի գործառույթները։ Ես գլխավոր դատախազի պաշտոնին չեմ վերադառնալու, ինձ հետ նման խոսակցություն չի եղել, պետական նախարարի պաշտոնից ազատելու հարց չի քննարկվել ինձ հետ։ Կեղծ լուրեր են»,-հավաստիացրեց նա։

Հարցին՝ եթե, ամեն դեպքում, քննարկում լինի, պատրա՞ստ է վերջինս հեռանալ պետնախարարի պաշտոնից, Ներսիսյանը պատասխանեց․ 

«Բա ես էդ մա՞րդն եմ, որ ինձ հետ առևտուր անեն»։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանն ու իր աջակիցները հանրահավաք անցկացրին և հստակ պահանջով դիմեցին նախագահին, որպեսզի վերջինիս նշանակի պետնախարարի պաշտոնին։ Բաբայանի աջակիցների հանրահավաքին մասնակցեց նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որի գլխավորությամբ էլ երկրի ղեկավարին նամակ փոխանցեցին։ Նախագահը պահանջին 10 օրից կարձագանքի։

Լիաննա Թորոսյան