Խաչքար էր քանդակել, չհասցրեց տեղադրել. Ասկարյանը շարունակում է ստեղծագործել արցախյան ոգով (լուսանկար)

Ստեփանակերտցիներին և քաղաք այցելած հյուրերին հայտնի Թումանյան փողոցում էր գտնվում գեղանկարիչ-քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի արվեստանոցը։
Նա օրերով կարող էր մնալ այնտեղ, ստեղծագործել, կարևորը՝ արվեստի հերթական գլուխգործոցը պիտի ներկայացներ։
Քաղաքի տարբեր անկյուններն ավելի ամբողջական էին դառնում հենց նրա քանդակներով, դե իսկ գեղանկարներն ու հայտնի ստեղծագործություններն ամենապահանջվածն էին ցուցահանդեսների ժամանակ։ Արցախի բռնի տեղահանության ժամանակ Ռոբերտ Ասկարյանին մտահոգում էր նաև իր ստեղծագործությունների ճակատագիրը։
«Մնային՝ կավիրեին, ինչպես, օրինակ, միջազգային սիմպոզիումների արդյունքում ստեղծված Շուշիի քանդակների հայտնի պուրակը, թանգարանները, արցախյան մշակույթը ներկայացնող ցանկացած տարր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է անվանի քանդակագործը։
Ասկարյանն ափսոսում է հատկապես տեղադրված քանդակների համար, ու որ չկարողացավ գոնե պատրաստի ամբողջ գործերը հանել։ Շրջափակման ժամանակ խաչքար էր քանդակել, այն նպատակով, որ հետագայում այն կտեղադրի Հայաստանն ու Արցախն իրար կապող ճանապարհահատվածում՝ կից աղբյուրով։
«Չհասցրեցի։ Ցանկացած սցենար կարելի էր մտածել, բայց ոչ բռնի տեղահանումը։ Իմ աշխատանքներից 200-ից ավելի նմուշ կարողացել եմ փրկել, մյուսների մասին արդեն պարզ է, թե ինչ կանեն վանդալները»,- ասում է«Rob-Art Gallery» արվեստանոցի հիմնադիրը։
Երբ հասել է Հակարի կամուրջ, ադրբեջանցիներն Ասկարյանին նմանացրել են Բաքվում ապօրինի կալանավորված, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Քանդակագործը պատմում է, որ ադրբեջանցի ծառայողները չեն թաքցրել իրենց նպատակը և որոշել են հենց անցակետում բռնել իրեն, բայց բարձրաստիճան սպաները նույնականացրել են նկարները, հասկացել, որ նմանություն կա, ուղղակի շփոթմունք է տեղի ունեցել։
Ռոբերտ Ասկարյանն այժմ Երևանում է։ Լինելով ՀՀ նկարիչների միության անդամ` շարունակում է ստեղծագործել այստեղ, արցախյան ոգով։
Հունան Թադևոսյան