Վրաստանի նախկին նախագահը և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արձագանքել են երկրպագուների մասնակցությամբ միջադեպին

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել՝ Վրաստան-Հայաստան խաղին հաջորդած միջադեպի համար։
«Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ որպես նախագահ, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար: Մենք կանք և կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լեւան Կոբիաշվիլին նույնպես արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղադաշտ ներխուժմանը:
«Շնորհակալություն մեր հավաքականի հավատարիմ երկրպագուներին, որոնք «Դինամո Արենայում» ողջ խաղի ընթացքում աննկարագրելի մթնոլորտ ստեղծեցին: Ձեր հսկայական աջակցությունը զգացվում էր մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ ոգևորություն էր հաղորդում թիմին: Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սակայն պետք է անպայման նշեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը, երբ հանդիսականների մի փոքր մասը ներխուժեց խաղադաշտ և տհաճ իրավիճակ ստեղծեց ինչպես դաշտում, այնպես էլ հյուր թիմի տրիբունայի մոտ:
Անընդունելի է նման վերաբերմունքը հյուր թիմի երկրպագուների նկատմամբ: Այդ բացարձակ անթույլատրելի գործողությունների պատճառով վիրավորեցինք ինչպես հյուր թիմի երկրպագուներին, այնպես էլ մեր հավաքականին հնարավորություն չտվեցինք հավատարիմ երկրպագուների հետ միասին տոնելու հաղթանակը:
Նման վարքը վնասում է ֆուտբոլին և ստվեր է գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա: Այս դեպքը կարող է պատճառ դառնալ ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների կիրառմանը, ինչը կվնասի մեր հավաքականին և վրացական ֆուտբոլի երկրպագուներին:
Շնորհակալություն հյուր թիմին և նրանց երկրպագուներին, որոնք Թբիլիսիում և Երևանում ընկերական միջավայր ստեղծեցին: Հատուկ շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին՝ բարձր մակարդակով հյուրընկալության համար: Երկու երկրների միջև սերտ կապը սպորտային առումով հաստատում է նաև Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտը՝ հյուրընկալելու աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններից մեկը: Հույս ունեմ, որ 2029 թվականին Վրաստանը և Հայաստանը կդառնան ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալողներ:
Ֆուտբոլը միավորում է մեզ և ստեղծում հաջողություն: Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլի հավաքականի յուրաքանչյուր անդամին, թիմի ողջ կազմին և մարզչական շտաբին, որոնք փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում ցուցաբերեցին անհավանական նվիրվածություն և հաղթողի մտածելակերպ»,- նշել է Կոբիաշվիլին։