ԱԽ քարտուղարը կրկնում է Փաշինյանի՝ «ոտ ու ձեռ» ընկած, ողորմելի թեզերը 

ԱԽ քարտուղարը կրկնում է Փաշինյանի՝ «ոտ ու ձեռ» ընկած, ողորմելի թեզերը 

Ադրբեջանը մի քանի օր է՝ տեղեկատվական սադրանքների միջոցով լայնածավալ հարձակման համար հող է նախապատրաստում, ասում են՝ սահմանին կուտակումներ կան, լարված իրավիճակ է, ու ամեն պահի հնարավոր է՝ պատերազմ սկսվի, իսկ Նիկոլ Փաշինյանը «ոտ ու ձեռ» ընկած՝ խնդրում-աղաչում է Ալիևին, որ նա համաձայնի ստորագրել «խաղաղության պայմանագիրը», որը, ի դեպ, Փաշինյանի ձեռամբ համաձայնագիր դարձավ։ 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չկարողացավ բացատրել, թե ինչու է պայմանագիրը դարձել համաձայնագիր, և որն է դրանց տարբերությունը։ Նա զարմացած էր հարցից, թե ինչու ենք մենք այդ բառերին այդքան կարևորություն տալիս։ Փոխարենը կրկնեց նույն մտքերը, որ իրենք պատրաստ են խաղաղության պայմանագիրը ստորագրելուն, և որ իրենց նպատակը միայն դա է։

«Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է այդ ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ և պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել՝ օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու հարցով»,- ասաց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել։ 

MediaHub-ը նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ալիևը չի ցանկանում ստորագրել, այդպիսի ազդակներ չենք տեսնում նրա կողմից, հակառակը՝ նախապայմաններ է առաջ քաշում, և այս ամենից պատերազմի հոտ է գալիս, իսկ Փաշինյանն էլ ամեն օր խնդրում է, որ օր առաջ ստորագրի Ալիևը, միայն թե պատերազմ չլինի։ Այս ամենին ի պատասխան՝ ԱԽ քարտուղարը նույն մտքերը կրկնեց. «Տեքստն ամբողջովին համաձայնեցված է, և մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա՝ այդ պայմանագիրը ստորագրելու համար»։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ողորմելի վիճակում և շարունակում է իր կերպարով ողորմելի դրության մեջ դնել Հայաստանը, դա տեսնում ենք ամեն օր։ Բայց գոնե նրա ենթակա պաշտոնյաները կարող են նույն ողորմելի տեքստերը չկրկնել ու նույն խեղճացած, վախկոտ ու թշնամու բարեգթությունը հայցող կեցվածք չորդեգրեն։ Բայց նրա կաբինետի բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, այդ գծի մեջ են, նրա այսօրվա պատասխանները ևս դա էին վկայում։

Գրիգորյանից միայն մի կես բերան կարողացան քիչ թե շատ ատամնավոր, իրենց լեզվով ասած՝ «դուխով» և իրենց այդ ողորմելի վիճակը կոտրող պատասխան կորզել, երբ հարցրինք, թե՝ Ադրբեջանի հարձակվելու դեպքում

Հայաստանն ի՞նչ է անելու, նստելու ենք, նայե՞նք։ 

«Ոչ թե նստելու ենք, նայենք, այլ եթե հարձակվեն, պաշտպանելու են Հայաստանի Հանրապետության տարածքը»,- մի կերպ համարձակություն ցուցաբերեց «ատամ ցույց տալ» Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նրա պատասխանի մեջ, իհարկե, չկար այն վստահությունը, որ իրենք պատրաստ են ու ամեն գնով պաշտպանելու են ՀՀ տարածքը, նրա պատասխանի թափանցիկ տողատակն այն է, որ «մենք, դե, կպաշտպանվենք, բայց լավ կլինի՝ չհարձակվեն, էլի»։ 

Հարցրինք նաև, թե ինչո՞ւ Փաշինյանը չի հրապարակում այդ համաձայնագիր-պայմանագիրը, եթե հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել։ Ինչո՞ւ է ժողովրդից գաղտնի ուզում այն ստորագրել։ Գրիգորյանն այստեղ էլ հստակ բան չասաց՝ նշելով միայն, որ հենց ստորագրման օրվա և վայրի մասին պայմանավորվածություն լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնեն։ 

Վահե Մակարյան