Աջափնյակի փոխթաղապետերը ևս այսօր աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի երկու տեղակալները՝ Հովսեփ Աղազարյանն ու Արտակ Հակոբյանը ևս այսօր պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել։ Այդ մասին լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեց Հովսեփ Ազաղարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը։
«Քաղաքական թիմի որոշում է եղել, որ մենք ազատման դիմումներ ներկայացնենք»,- ասաց Աղազարյանը։ Մեր հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ ՔՊ-ն զենքերը վայր է դնում այդ վարչական շրջանում, Աղազարյանը պատասխանեց՝ ասելով, որ նոր թաղապետը ևս հավատարիմ է լինելու ՔՊ գաղափարախոսությանը։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք նոր թաղապետը ևս ՔՊ-ից է լինելու, Հովսեփ Աղազարյանը խուսափողական պատասխան տվեց՝ ասելով, որ վաղը կհայտարարվի նոր թաղապետի անունը։
«Վաղը կասեն, էլի, եկեք ես փակագծեր չբացեմ։ Այս գործընթացին ես ինքս մասնակցություն չեմ ունեցել, թիմի որոշում է եղել, որը և ընդունել եմ, հիմա չեմ ուզի անուն ասել»,- նշեց նա։
Իսկ թե ինքն ի՞նչ գործունեություն է ծավալելու, Աղազարյանը դեռևս չգիտի։ Զարմանալի է, որ նա ավելի լավ է տեղեկացված Սասուն Մկրտումյանի հետագայից։ Թեև փակագծեր չբացեց, բայց և այնպես, Հովսեփ Աղազարյանը նկատեց՝ Մկրտումյանը շատ լավ մասնագետ է և ավելի լավ պաշտոնի է արժանի։ Հարցին, թե արդյոք պա՞րզ է՝ ինչ պաշտոնի է նշանակվելու Մկրտումյանը, Հովսեփ Աղազարյանը պատասխանեց՝ փակագծեր չեմ կարող բացել։
Նարե Գևորգյան