Եթե ՔՊ-ն չի գնելու նոր զենքեր հայոց բանակի համար, ապա պետք է օր առաջ հեռանա

Վստահելի ապացույցներ կան՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
2018թ.-ից պարգևավճարներ վայելող և ոչինչ չանող ՔՊ-ականներն այսօր ամեն տեղ հայտարարում են, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, սակայն աշխարհը հիմնականում լուռ է, քանի որ բոլորը շատ լավ գիտեն, թե Փաշինյանն ու թիմը վերջին տարիներին ինչպես են կառավարել երկիրը, ինչ պայմանավորվածություններ ունեն Ալիևի հետ և նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այսբերգի միայն երևացող մասն է:
Ադրբեջանի դեմ հերոսաբար պայքարում է հայկական բանակը՝ 44-օրյա պատերազմից հետո հայկական զինված ուժերն ապացուցեցին, որ ի վիճակի են պաշտպանել Հայաստանն ու հայ ժողովրդին:
ՔՊ-ի, որպես գործող իշխանության թիվ մեկ գերակայությունը պետք է լինի նոր զինատեսակների գնումը, այլ ոչ թե բողոքելը, թե ֆինանսներ չկան կամ գումարներ կան, սակայն ՀՀ-ին, իբր, զենք չեն վաճառում: Ադրբեջանը զենք է գնում բազմաթիվ երկրներից, ի՞նչ է խանգարում Փաշինյանին գնել արդի զենքեր և զինել հայոց բանակն՝ ապագա պատերազմում հայկական բանակի հաղթանակն ապահովելու համար:
ՀՀ հպարտ քաղաքացիները պետք է դուրս գան փողոց և ՀՀ գործող իշխանություններից պահանջեն մեկ բան՝ զինել զորքը, կահավորել սահմաններն ու կանխել Սյունիքի անկումը: Եթե այդ գործողությունները չեն իրականացվելու, ապա կարելի է ենթադրել որոշակի գաղտնի պայմանավորվածությունների առկայության մասին՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված:
ՀՀ բոլոր առողջ քաղաքական ուժերը պետք է կանգնեն հայոց բանակի կողքին, մի կողմ դնելով ներքաղաքական տարաձայնությունները՝ համազգային մոբիլիզացիան է փրկելու հայոց պետականությունն ու Սյունիքը: Գերտերությունները չեն աջակցելու ՀՀ-ին, եթե ՀՀ քաղաքացիները մասայաբար չմիանան հայոց բանակին, չհամալրեն կամավորականների շարքերն ու շարունակեն սրճել երևանյան սրճարաններում:
Վահրամ Բագրատյան