Արցախի բույրը. «Շուշվա ուգլի» խաչմերուկի ամենահամով ժենգյալով հացի նոր հասցեն Երևանում է

Ստեփանակերտից տեղահանված Սաֆարյանների ընտանիքը այն արցախցիներից է, ովքեր Երևան տեղափոխվելիս ոչինչ չեն հասցրել վերցնել, բացի ընտանիքը կերակրող ժենգյալով հաց պատրաստելու սարքերը։
Տիկին Ֆենյային Ստեփանակերտում բոլորը գիտեին, ամենահամով ժենգյալով հացի հասցեն՝ հայտնի «Շուշվա ուգլին» խաչմերուկը։ Պատրաստման ընթացքը հեշտ չէ, օգնում են բոլորը, բայց ժենգյալով հացի «թագուհին» ինքն է։ Արցախյան խոհանոցի զարդը պատրաստելիս օգտագործում էր 17 տեսակի կանաչի, իսկ գարնանը՝ ավելի շատ։ «Հարցնո՞ւմ եք՝ որն է համեղ ժենգյալով հաց պատրաստելու գաղտնիքը, չեմ թաքցնի․ սերը։ Սիրով պետք է կատարես ցանկացած աշխատանք ու սեր դնես դրա մեջ։ Սա մեր ընտանիքը պահելու միակ միջոցն է, որին լծված ենք բոլորս։ Ամուսինս և աղջիկներս օգնում են այս հարցում, և գործը կատարելիս չենք տրտնջում։ Երբ եկավ Արցախը լքելու պահը, իրարանցում էր, գիտեք, բայց ես մտածեցի, որ տան իրերը մեզ հետ վերցնելու փոխարեն պիտի տանեմ իմ էլեկտրական վառարանը, գոգնոցս ու գրտնակս»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է տիկին Ֆենյան։
Նրա խոսքով՝ «ամեն ինչ նորից սկսելը, նոր միջավայրին հարմարվելը դժվար բան է», ու շտապում շնորհակալություն ասել այն մարդկանց, որոնց շնորհիվ Երևանի կենտրոնում հնարավոր եղավ հարմար գնով վերաբացել ընտանեկան բիզնեսը։ Հիմա Սայաթ Նովա 8 հասցեում Արցախի բույրն է։
«Կանաչին նույնն է, համարյա ամեն տեսակ կա, բայց կարևորը տեխնոլոգիան է, պատրաստելու ձևը և այն սերը, որն արցախյան համ ու բույր է տալիս կանաչիներով պատրաստած հացին»,- ասում է տիկին Ֆենյան։
Մեր զրուցակցի խոսքով՝ հայ ժողովուրդը միշտ տարբերվել է իր արարչական տաղանդով։ Հիմա, երկրի համար այս դժվար պայմաններում բախվելով ամենօրյա դժվարություններին, արցախցի կինը խորհուրդ է տալիս աշխատել ու մյուսների համար նույնիսկ օրինակ են ծառայել։
Հունան Թադևոսյան