Բժիշկը զգուշացրել է հակասեպտիկ միջոցների օգտագործման ռիսկերի մասին

Առօրյա կյանքում չարժե չափից ավելի օգտագործել ախտահանիչ միջոցները, հատկապես, եթե տանը փոքր երեխա կա։ Այս մասին aif.ru-ի հետ զրույցում զգուշացրել է մանկաբույժ Պավել Բերեժանսկին։
Բերեժանսկին նշել է, որ որքան հաճախ են օգտագործվում հակասեպտիկները, այնքան քիչ է երեխան շփվում բակտերիաների, վիրուսների և այլ միկրոօրգանիզմների հետ։
Բժշկի խոսքով՝ վտանգ կա, որ ժամանակի ընթացքում դա կարող է ալերգիա առաջացնել, այսինքն՝ իմունային համակարգն ագրեսիվ արձագանքի սովորական սննդամթերքներին, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը և միսը: Բացի այդ, մասնագետը զգուշացրել է, որ ստերիլ պայմաններում մեծացած երեխաները ավելի հակված են մրսածության ու գրիպի։
Մանկաբույժը նշել է, որ հակասեպտիկ միջոցների հաճախակի օգտագործումը խանգարում է իմունային համակարգի զարգացմանը։ Նա բացատրել է, որ երեխաները ծնվում են «դատարկ» իմունային համակարգով։ Բայց աստիճանաբար նա սովորում է արտադրել պաշտպանիչ մարմիններ վարակների դեմ: Դա, ըստ Բերեժանսկու, տեղի է ունենում, երբ երեխան տանը կամ փողոցում բախվում է հարուցիչների հետ: «Այսպիսով, շատ կարևոր է, որ երեխան շփվի վարակների, հելմինտների և ալերգենների հետ»,- ասել է բժիշկը։
Բացի այդ, մասնագետն ընդգծել է, որ մարդու օրգանիզմում ստերիլ հատվածներ գրեթե չկան։ Նրա խոսքով՝ բակտերիաները ամենուր են, բացառությամբ նյարդային համակարգի որոշ հատվածների։ Ավելին, միկրոօրգանիզմները կազմում են օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ միկրոֆլորան։