Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Այսօր Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կընդունի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Անցած շաբաթ առաջին ընթերցումից հետո մինչեւ նոյեմբերի 1-ը սահմանվել էր առաջարկներ ներկայացնելու ժամանակ, սակայն խորհրդարանական 5 ուժերից ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ 

Հանրաքվեն կկազմակերպվի Ազգային ժողովի որոշման ընդունման պահից 55-60-օրյա միջակայքում։ Այսինքն՝ Արցախում սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա եկող տարվա փետրվար-մարտ ամիսներին։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

Կառավարությունը նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել։ 

Թաթոյանի օրոք նույնիսկ ՄԻՊ աշխատակազմի մեքենաները կրճատեցին` այն դեպքում, երբ օմբուդսմենը մշտապես սահման ու Արցախ էր մեկնում, փաստահավաք աշխատանք կատարում, ինչն անում է նաեւ հիմա, երբ թողել է ՄԻՊ-ի պաշտոնը։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։ 

Այս թեւից են նաեւ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը, ովքեր նույնպես տեղ չեն գտել վարչության կազմում։

«Հրապարակ» թերթը գրում է․

ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հայցը նոյեմբերի 1-ին մակագրվել է Սեւանի դատարանի դատավոր Արկադի Մկրտչյանին։

Կամաեւներից ամենահայտնին ռուս գործարար է՝ «Կվազար» ՓԲԸ հիմնադիրը: Ընկերությունը զբաղվում է կառուցապատմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:

Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Հոկտեմբերի 31-ից ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Սակայն ուշագրավ է, որ շատ գերատեսչությունների ղեկավարներ հարկ չեն համարել անձամբ գալ եւ ներկայացնել իրենց կառույցներին տրամադրվելիք ֆինանսական հատկացումներն ու անելիքները:

Եվ, ահա, հենց իր իշխանության օրոք բյուջեի քննարկումներին չեն մասնակցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, դատախազ Աննա Վարդապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Նախորդ տարվա մայիսի12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ պնդումներ էր անում, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այս մասին Փաշինյանը հայտարարել էր մի քանի անգամ: Ուշագրավ է, որ օրենքն ընդունվել է ոչ թե 2010-ին, այլ 1995-ին, իսկ ուժի մեջ մտել է 1995-ի դեկտեմբերի 15-ին: 2010-ի հունիսի 24-ին օրենքում արվել են լրացումներ եւ փոփոխություններ: Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել: Այս օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Գազի ավելացող ծավալները կապված են նոր գործարկվող ջրեմաէլեկտրակայանի հետ։

«2006 թվականի կնքված Հայաստան-Իրան գազի պայմանագրի համաձայն՝ մենք 1 խմ գազի դիմաց 3 կվ էլեկտրաէներգիա ենք վճարում։ Այս ծրագիրը իրականացնում էր «Երեւան ՋԷԿ»-ը միայն։ Այս տարի միացել է նաեւ «Ռենկո» ընկերության կառուցած նոր ՋԷԿ-ը»։

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։ Դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս նա կանչվել է Մոսկվա, որտեղ նրա հետ բավական կոշտ խոսակցություն է եղել:

Կոպիրկինին քննադատել են հատկապես այն բանի համար, որ նա, ըստ էության, ՀՀ-ում չի կարողանում իրականացնել ՌԴ որդեգրած իրական քաղաքականությունը, և որ այն կոնկրետ խնդիրները, որոնք դրված են եղել նրա առաջ:

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից: Նշվում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ պատրաստ է ընտրել կարգավորման արևմտյան տարբերակը, բայց պատրաստ է ընդունել նաև ռուսական առաջարկները: Նա նշել է, որ այդ տարբերակները համահունչ են:

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Մասնավորաբար, խոսակցություններ կան, որ մի շարք քաղաքական ուժեր բանակցություններ են վարում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, որպեսզի վերջինս համաձայնի լինել քաղաքապետի իրենց թեկնածուն: Նմանատիպ խոսակցություններ կան նաև «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի անվան հետ կապված:

Իսկ Ռուբեն Վարդանյանի՝ հատկապես Արցախի պետնախարար նշանակվելուց հետո առավել ակտիվացան տեղեկություններն այն մասին, որ Երևանի ընտրություններին մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը, և ցուցակը կարող է գլխավորել Մանե Թանդիլ յանը: