Բաքուն Սյունիքը պատմական Ադրբեջան է համարում, իսկ մենք հրաժարվում ենք պատմական Հայաստանից

Բաքուն Սյունիքը պատմական Ադրբեջան է համարում, իսկ մենք հրաժարվում ենք պատմական Հայաստանից

Մինչ Հայաստանում մեկնարկել է սահմանազատման-սահմանագծման գործընթացը, Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր առիթներով՝ տարբեր ամբիոններից շարունակում են լեգիտիմացնել այսպես կոչված «Մեծ Թուրանի» ծրագիրը: Այն է՝ Թուրքիայից Նախիջևանով ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի թյուրքալեզու պետություններ։ 

Ըստ թշնամական երկրների՝ այն պետք է անցնի Սյունիքով, կրելով «Զանգեզուրի միջանցք» անունը։ Բոլորը խոսում են այս մասին, բացի սյունեցիներից։ Վերջիններս MediaHub-ի հետ կիսվել են իրենց մտահոգություններով։

«Չկա մի օր, որ Ադրբեջանը նոր պահանջներ չներկայացնի Հայաստանին։ Մի կողմից խոսում ենք խաղաղության մասին, մյուս կողմից կատարում Ադրբեջանի պահանջները։ Ալիևն ասում ա՝ փախստականները պետք է վերադառնան, Սյունիքն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», հիմա ոնց որ «սմերտնիկներ» լինենք, էն որ ամեն օր սպասում ենք, որ մի բան լինելու է, պահանջները չկատարենք՝ պատերազմ է սկսվելու»,- ասում են Գորիս քաղաքի բնակիչները։ 

Սյունիքում զարմանում են, թե ինչպե՞ս է հնարավոր ադրբեջանցիների հետ համակեցություն կամ խաղաղություն։ Բացառում են, քանի  որ ՀՀ իշխանությունը պարտվողական քաղաքականությունն է ընտրել, անընդհատ զիջելու փորձն էլ հանգեցրել է նրան, որ ադրբեջանցիներն արդեն Սյունիքն իրենց «կորսված» հայրենիքն են համարում, դրա մասին խոսում միջազգային հարթակներում, լեգիտիմացնում այդ խոսույթը։

«Սյունիքը պատմական Ադրբեջան են համարում, իսկ մենք հրաժարվում ենք պատմական Հայաստանից, իբր թե կառուցելով իրականը։ Էդ մարդը չի հասկանում, որ իրական Հայաստանն իր «կիրթ ու կառուցողական» ընկերը տեսնում է առանց Սյունիքի։ Ղարաբաղի կորստից հետո ես ասել եմ, որ հաջորդը մենք ենք։ 2022 թվին, երբ Ջերմուկում ու Գորիսում սկսվեց պատերազմը, էդ ժամանակ արդեն գիտեի, որ ստեղ ապրելու տեղ չի»,- սա էլ մեկ այլ սյունեցու կարծիք է։

Հարցվածներից մի քանիսն ասում են, որ «Զանգեզուրի միջանցքը» հորինվածք է և իրենց չի հետաքրքրում ինչ կլինի հետո։ Կանայք հետո ավելացրեցին, թե՝ «պատրաստ ենք ապրել թուրքի հետ, նախկինում էլ ենք ապրել, առևտուր ենք արել, գնալ-գալ կար, պետք չի ամեն ինչ քաղաքականացնել։ Մենք մեր տներից դուրս եկողը չենք, ով ուզում ա թող գա»։

Աշխարհաքաղաքական անցուդարձից տեղյակ սյունեցիները հույսը դրել են Իրանի Իսլամական Հանրապետության վրա։

«Ռայիսին մինչև մահանալն ասել է, որ Սյունիքի հետ սահմանը Իրանի համար կարմիր գիծ է։ Դա Ադրբեջանին ու Թուրքիային դուր չի եկել։ Նույն բանը վերջերս հաստատեց նաև Իրանի հոգևոր առաջնորդը։ Այնպես որ, պետք չէ պատերազմի մասին լուրեր տարածել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ամեն դեպքում չպետք է սպասենք, թե Իրանն ի՞նչ է որոշելու մեր փոխարեն։

«Հայաստանին կայուն առաջնորդ ու լավ բանակցողներ են պետք։ Թե չէ սրանց օրոք թույլ ենք տալիս, ադրբեջանցիներն էլ  հա՛մ խոսում են, հա՛մ գործում»։

Այնուամենայնիվ, եթե կյանքի կոչվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ապա Թուրքիայի և Ադրբեջանի  ազդեցությունը տարածաշրջանում կդառնա լրջագույն գործոն և հայ ժողովուրդը կկանգնի Սյունիքի հայկականությունը կորցնելու վտանգի առաջ։

Հունան Թադևոսյան